Մատչելիության հղումներ

Թրամփը «չի անհանգստացել» իր մասնակցությամբ միջոցառման ժամանակ կրակոցներից. ինչ է հայտնի

Լրացված

Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքին հնչած կրակոցները չեն անհանգստացրել Դոնալդ Թրամփին, թեև հրաձիգի թիրախում եղել են նախագահը և կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Ես մտահոգված չէի: Ես հասկանում եմ կյանքը։ Մենք ապրում ենք խելագար աշխարհում»,- CBS News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահը:

Հարցին, թե ինչպես է ստացվել, որ Գաղտնի ծառայությունը սրահից առաջինը տարհանել է փոխնախագահին, ոչ թե իրեն, Թրամփը պատասխանել է, որ ինքն է ընդդիմացել, քանզի ցանկանում էր հասկանալ, թե ինչ է կատարվում: «Եվ այդ ժամանակ սկսեցինք գիտակցել, որ դա, թերևս, լուրջ է»,- պատմել է նա։

Կասկածյալ Քոուլ Թոմաս Ալենը միջադեպից առաջ մանիֆեստ է ուղարկել իր ընտանիքին՝ նշելով, որ թիրախում եղել են Թրամփի վարչակազմի անդամները՝ «ամենաբարձրաստիճանից մինչև ամենացածրաստիճանը»։ CBS News-ի լրագրողը Թրամփին խնդրել է մեկնաբանել մանիֆեստի այն մասը, որում կասկածյալը նշում է, որ այլևս պատրաստ չէ թույլ տալ, որ «մանկապիղծը, բռնարարը և դավաճանը իմ ձեռքերը կեղտոտեն իրենց հանցանքներով»՝ ըստ էության, հղում անելով սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ ԱՄՆ նախագահի ենթադրյալ կապերին: Թրամփը զայրացել է և ամոթանք տվել լրագրողին:

«Ես սպասում էի, որ կարդաք դա, քանզի գիտեի, որ կկարդաք, որովհետև դուք... սարսափելի մարդիկ եք։ Այո, նա գրել է դա: Ես բռնարար չեմ, ես ոչ մեկին չեմ բռնաբարել: Ես մանկապիղծ չեմ: Դուք պետք է ինքներդ ձեզնից ամաչեք դա կարդալու համար, քանզի ես դրանցից ոչ մեկը չեմ», - ասել է նա:

Տեսախցիկները քիֆսել են, թե ինչպես է կասկածյալը «Վաշինգտոն հիլթոն» հյուրանոցի միջանցքով վազելով անցնում անվտանգության աշխատակիցների անցակետը: Ապա նա կրակոցներ է արձակել: Մեկը դիպել է անվտանգության աշխատակիցներից մեկի զրահաբաճկոնին, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Այնուհետև արդեն ընթրիքի սրահում, որտեղ 2000-ից ավելի մարդ էր ներկա, իրարանցում է սկսվել, անվտանգությունն սկսել է արագ տարհանել պաշտոնյաներին:

31-ամյա կասկածյալը ձերբակալվել է տեղում:

Նրան մեղադրանք կառաջադրվի այսօր ավելի ուշ՝ դաշնային սպայի վրա հարձակման և բռնի հանցագործության ժամանակ հրազեն օգտագործելու համար: Այլ մեղադրանքներ ևս կլինեն, ասել է Կոլումբիայի օկրուգի դատախազ Ժանին Պիրրոն. «Վստահաբար այս շատ փոփոխական իրավիճակում մեզ տրամադրվող տեղեկությունների հիման վրա շատ ավելի շատ մեղադրանքներ կառաջադրվեն»։

Կասկածյալը սովորել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում, մեխանիկական ինժեներ է, խաղերի մշակող և ուսուցիչ: 2024-ի դեկտեմբերին Քոուլ Թոմաս Ալենը ճանաչվել է ամսվա ուսուցիչ: 2025-ին էլ Կալիֆոռնիայի պետական համալսարանից համակարգչային գիտությունների մագիստրոսի կոչում է ստացել:

Չնայած Թրամփը Fox News-ին ասել էր, որ կասկածյալը լցված է եղել ատելությամբ և «խիստ հակաքրիստոնեական» հայացքներ է ունեցել, նրան ճանաչողները BBC-ին պատմել են, Ալենը «բարձր ինտելեկտ» ունի, «բավականին ներգրավված էր» եկեղեցական կյանքում և «շատ լուրջ» է վերաբերվում իր հավատքին։

Սա Թրամփի դեմ, թերևս, երրորդ, մահափորձն է: Նախորդը տեղի էր ունեցել 2025-ի սեպտեմբերին Ֆլորիդայում Թրամփի գոլֆի ակումբում: Զինված տղամարդը մոտեցել էր գոլֆի դաշտին, սակայն Գաղտնի ծառայությունը նկատել էր ու սպանել նրան: 2024-ի հուլիսին էլ Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ տղամարդը մի քանի անգամ կրակել էր նրա ուղղությամբ:


Թրամփի նախընտրական հանդիպմանը հնչած կրակոցներից հետո
Թրամփի նախընտրական հանդիպմանը հնչած կրակոցներից հետո

Գնդակներից մեկը թեթև քերծել էր այն ժամանակ նախագահի թեկնածու Թրամփի աջ ականջը:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG