Մատչելիության հղումներ

Թուրքիայում հերթական ընդդիմադիր քաղաքապետն է ձերբակալվել

Թուրք իրավապահները ձերբակալել են Անկարայի Էթիմեսգութ շրջանի ընդդիմադիր քաղաքապետ Էրդալ Բեշիկչիօղլուին, հայտնում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ պաշտոնյան ձերբակալվել է, երբ ոստիկանները գրոհել են քաղաքապետարանի շենքը։

Բեշիկչիօղլուն երկրի ընդդիմադիր ամենամեծ՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) անդամ է։

Հաղորդվում է, որ դատախազությունը մարտին հափշտակության կասկածանքով հետաքննություն էր նախաձեռնել քաղաքապետարանի նկատմամբ՝ հաշիվներում հայտնաբերված անճշտություններից հետո։

Երեկ էլ Ստամբուլի Յուսկյուդար շրջանի ընդդիմադիր քաղաքապետը և ևս հինգ անձ էին ձերբակալվել՝ շենքերի կառուցման և շահագործման թույլտվությունների հետ կապված ենթադրյալ ապօրինությունների կասկածանքով։

Այս ամիս Թուրքիայի իշխանությունները նաև Ստամբուլից արևելք գտնվող Իզմիթի ընդդիմադիր քաղաքապետին ու նրա ամուսնուն էին կալանավորել՝ հանցավոր կազմակերպություն ստեղծելու, կաշառք վերցնելու, պետական գնումների մրցույթները կեղծելու և հովանավորչության մեղադրանքով։ Ֆաթմա Քափլան Հուրիեթը նույնպես CHP անդամ է։

Ընդդիմությունը պնդում է, որ իրավապահները կոռուպցիայի քողի տակ լռեցնում են ընդդիմախոսներին։ Իշխանությունը հերքում է այս մեղադրանքները՝ վստահեցնելով, որ դատական համակարգն անկախ է։

XS
SM
MD
LG