Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ: «Անադոլու»-ի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, այդ թվում՝ Թուրքիայի օդային տարածքում ևս մեկ իրանական բալիստիկ հրթիռ խոցելը։
Էրդողանը Փեզեշքիանին ասել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումը «չի կարող արդարացվել որևէ պատճառով» և որ «Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դրա դեմ»։
Թուրքական կողմի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Փեզեշքիանի խնդրանքով այն բանից հետո, երբ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք, խոցվել է Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության միջոցների կողմից։ Մարտի 4-ին ևս Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը խոցելու մասին:
Թուրքիայի վրա «բացասաբար են ազդում» այն հակամարտությունները, որոնցում ինքը կողմ չէ, ասել է Էրդողանը իր իրանցի գործընկերոջը։
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Անկարան հավանություն չի տալիս Իրանի դեմ «անօրինական միջամտություններին» և Իրանի կողմից տարածաշրջանի երկրների թիրախավորմանը՝ հավելելով, որ եղբայրական երկրների թիրախավորումը «ոչ մեկի շահերից չի բխում» և «այդ գործողությունները պետք է դադարեցվեն»։
Էրդողանը շեշտել է դիվանագիտության դուռը վերաբացլու անհրաժեշտությունը և ասել, որ Թուրքիան ակտիվորեն աշխատում է տարածաշրջանում դիվանագիտական ներգրավվածությունը խթանելու ուղղությամբ։