Թուրքական խորհրդարանական հանձնաժողովի այն պատվիրակությունը, որը վերահսկում է «Քրդական աշխատավորական կուսակցության» խմբավորման զինաթափման գործընթացը, առաջին անգամ այցելել է դրա հիմնադիր Աբդուլա Օջալանին:
Խորհրդարանի խոսնակի հայտարարության համաձայն՝ Ստամբուլի մերձակա բանտում կայացած հանդիպման ընթացքում պատվիրակությունը Օջալանից հարցրել է խմբավորման լուծարման և զինաթափման գործընթացի, ինչպես նաև Սիրիայի կառավարության և Սիրիական դեմոկրատական ուժերի հետ ձեռք բերված համաձայնագրի իրականացման վերաբերյալ։
Օջալանը 1999 թվականին դատապարտվել է ցմահ ազատազրկման և արդեն 26 տարի է, ինչ պահվում է Իմրալի կղզում գտնվող բանտում։ Թուրքական պետության դեմ շուրջ չորս տասնամյակ շարունակված պայքարից հետո՝ այս տարվա սկզբին, նա աջակիցներին հորդորեց վայր դնել զենքը և քրդերի իրավունքների պաշտպանությանը հասնել քաղաքական պայքարի ու բանակցությունների միջոցով։
Օգոստոսից Թուրքիայի խորհրդարանում հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը քննում է ոչ միայն Օջալանի ճակատագիրը, այլև նրա զինյալներին անվտանգության երաշխիքներ տալու հնարավորությունը։
Թուրքիայում, ըստ տարբեր հաշվարկների, 86 միլիոն բնակչության 20 տոկոսը քրդական ծագում ունի։