Ուրբաթ օրը Ռուսաստանի Տուլայի մարզի Նովոմոսկովսկ քաղաքում ընթացքի ժամանակ պայթել է ավտոմեքենա, վարորդը զոհվել է, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագիծը:
Տելեգրամյան ալիքների տվյալներով՝ զոհվածը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մասնակից Ռոման Սիրոմյատնիկովն է: «Նովոմոսկովսկ Սեգոդնյա» պարբերականը հաստատել է նման անուն-ազգանունով տղամարդու զոհվելը, և որ նա «հատուկ ռազմական գործողության» մասնակից էր:
«Հատուկ ռազմական գործողություն» պաշտոնական Մոսկվան անվանում է պատերազմը Ուկրաինայի դեմ:
2025 թվականին Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Սիրոմյատնիկովին մեղադրանք է առաջադրել, ըստ որի՝ 2022-ին նա ֆիզիկական և հոգեբանական բռնություն է գործադրել Տուլայի մարզում պահվող առնվազն հինգ տասնյակ ուկրաինացի ռազմագերիների նկատմամբ: Այդ անձն ընդգրկված է պատերազմի հանցագործների «Միրոտվորեց» ուկրաինական բազայում: