Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև ստորագրված պայմանագրից ակնկալիքները մեծ են


Վաշինգտոնի «Ուիլըրդ» հյուրանոցում հինգշաբթի օրը ԱՄՆ-ի ու Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվեց ներդրումների խրախուսման վերաբերյալ պայմանագիր, որը նպատակ ունի մեծ ներդրումներ բերել Հայաստան: Դրա հեռանկարների վերաբերյալ իրենց կարծիքը հայտնեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և սփյուռքահայ գործիչները:

Առևտրի ու ներդրումների վերաբերյալ շրջանակային պայմանագիրը ամերիկյան կողմից ստորագրեց Միացյալ Նահանգների առևտրային ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին, հայկական կողմից՝ Էդուարդ Նալբանդյանը: Արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան աշխատակիցներ, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ ու գործիչներ:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար, տնտեսագետ և հայտնի սփյուռքահայ գործիչ Քեն Խաչիկյանը մեծ ակնկալիքներ ունի պայմանագրից. - «Այս պայմանագիրը շատ կարևոր դեր ունի՝ ամրապնդելու և խրախուսելու տնտեսական հարաբերությունների զարգացումը Հայաստանի ու ու Միացյալ Նահանգների միջև: Բազում տարիներ մենք աշխատել ենք, որ այս պայմանագիրը կյանքի կոչվի: Սակայն սա դեռ առաջին քայլն է, հաջորդը կլինի երկկողմանի հարկումը բացառելու վերաբերյալ պայմանագիրը ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև, որը է՛լ ավելի մեծ ներդրումներ կխրախուսի: Մենք հավատացած ենք, որ Հայաստանը պետք է ուժեղ տնտեսական կապեր ունենա աշխարհի բազմաթիվ երկրների հետ, ներառյալ՝ ԱՄՆ-ի: Ուստի սա գերազանց քայլ է այդ ուղղությամբ»:

Ստորագրումից հետո Հայաստանի արտգործնախարարը հանդես եկավ հայտարարությամբ՝ անդրադառնալով պայմանագրի էությանն ու դրա նպաստավոր տնտեսական հետևանքներին:

Հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Եղիսաբեթ Չուլջյանը դրվատանքով խոսեց այս պայմանագրի վերաբերյալ ու անդրադարձավ առևտրային պայմանագրից սփյուռքահայության ակնկալիքներին:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը խոսեց հայ - ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին: «Մեր ուշադրությունը սևեռված է ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև երկակի հարկման բացառման պայմանագրի մշակմանն ու շուտափույթ կնքմանը: Այժմ երկու երկրների գործարարները և՛ Հայաստանում են հարկվում, և՛ ԱՄՆ-ում՝ միևնույն եկամուտի համար: Դա լրջորեն խոչընդոտում է գործարարության ծավալումն ու նոր ներդրումների ներգրավումը: Նոր պայմանագիրը հնարավորություն կտա զեղչել երկրներից մեկի հարկումը՝ ըստ երկու երկրների միջև պայմանավորվածության», - ասաց Համբարյանը:

«Այժմ ջանքեր ենք գործադրում երկկողմանի հարկումը բացառելու համար, խրախուսելու ու նպաստելու ենք երկու երկրների միջև դրա վերաբերյալ պայմանագրի կնքմանը, և այդ ժամանակ այսօր կնքված ներդրումների մասին պայմանագիրը շատ ավելի մեծ բարենպաստ ազդեցություն կունենա», - ընդգծեց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG