Մատչելիության հղումներ

Անկարան «ագրեսիա» է համարում Սիրիայի քրդաբնակ շրջանում ՏԻՄ ընտրությունների գաղափարը


Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Անկարան «ագրեսիվ մտադրություն» է համարում Սիրիայի հյուսիսում՝ որտեղ գործում են Թուրքիայում արգելված քրդական խմբավորումներ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնելու ծրագիրը։

Այդ մասին այսօր «Էֆես-2024» զորավարժությունների ընթացքում ելույթ ունենալով թուրք զինվորականների առջև՝ ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը: Նրա ելույթը հեռարձակել են զորախաղերը լուսաբանող թուրքական հեռուստաընկերությունները:

«Մեր հարևան Սիրիայում դեռևս քաոս է և անկայունություն, մենք ուշադիր հետևում ենք ահաբեկչական կազմակերպության (Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցություն-PKK) և դրա սիրիական մասնաճյուղերի ագրեսիվ գործողություններին, որոնք իրականացվում են այդ քվեարկությամբ և ուղղված են և՛ Թուրքիայի, և՛ Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ: Մենք երբեք թույլ չենք տա, որ անջատողական պետություն ստեղծվի Սիրիայի և Իրաքի հյուսիսում, դա կանխելու համար մենք նախկինում դիմել ենք բոլոր անհրաժեշտ միջոցներին և չենք վարանի հիմա էլ դա անել», - ասել է Էրդողանը։

Սիրիայի հյուսիսի քրդաբնակ շրջաններում տեղական ընտրությունները նշանակված են հունիսի 11-ին։ Թուրքիայի անվտանգության խորհուրդն ավելի վաղ հայտարարել է, որ դրանք «ահաբեկիչների կողմից իրենց լեգիտիմացնելու փորձեր են» և, հետևաբար, անընդունելի են։

Էրդողանն ասել է, որ ինքը «հիանալի տեսնում է, թե ինչ խաղ է գնում տարածաշրջանում և ինչ են ցանկանում անել PKK-ի ու դրա սիրիական մասնաճյուղի ձեռքերով»։

«Ես ուզում եմ, որ բոլորն իմանան. այն փաստարկը, թե PKK-ի հետ պետք է համագործակցել հանուն «Իսլամական պետության» դեմ պայքարի՝ մեզ համար այլևս ոչ մի նշանակություն չունի: Երբ խոսքը մեր երկրի տարածքային ամբողջականության և անվտանգության մասին է, մենք ոչ ոքի չենք լսի և չենք խոնարհվի»,- ասել է Էրդողանը։

Նախկինում Թուրքիայի ղեկավարությունը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին և մի շարք այլ երկրների՝ Սիրիայում և Իրաքում քրդական կազմավորումների հետ համագործակցելու համար, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան այդ կառույցները ճանաչում է որպես ահաբեկիչներ և պայքարում է դրանց դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG