Մատչելիության հղումներ

Ավինյանը հայտարարեց՝ «Երևանի ավտոբուս»-ն օրական 4-4.5 մլն դրամ չի մուտքագրել բյուջե


Գործադուլ հայտարարած վարորդները, 22-ը մայիսի, 2024թ.
Գործադուլ հայտարարած վարորդները, 22-ը մայիսի, 2024թ.

Երեկ մի քանի ժամով գործադուլ հայտարարած «Երևան ավտոբուս» ընկերության վարորդներն այսօր կրկին ղեկին են նստել՝ վերականգնելով տրանսպորտի աշխատանքը: Երեկ պահանջում էին, որ քաղաքապետարանը ետ ընդունի աշխատանքից ազատված իրենց ինժեներին։

«Եթե Անդրանիկ Մանուկյանին ետ չբերեն, մենք չենք աշխատի», - ասում էին նրանք։

Երեկոյան վարորդներին լսելու գնացած քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն օրական 4-4.5 մլն դրամ չի մուտքագրել քաղաքի բյուջե: Մինչ սկսած աուդիտով կպարզեն, թե վերջին մեկ ամսում ուր է գնացել այդ գումարը, նախկին ինժեներ Անդրանիկ Մանուկյանն ասաց, թե ինչ հիմնավորում է գրված աշխատանքից ազատման իր հրամանում. - «Չգիտեմ, չարաշահում է։ Ինչ-որ սերվիզի հետ հաշվարկները սխալ եմ արել, և ինձ մեղադրում են մեկ միլիարդի մեջ... Ես էլ մի բան եմ խնդրում, ասում եմ՝ բերեք, հանձնաժողով կամ հայտարարություն տվեք հանցագործության մասին, կարող է իրոք սխալ եմ, ինձ պետք է կալանավորել հիմա։ Եկեք նստենք, մի հատ հասկանանք՝ այդ չարաշահումը որտեղ է»։

Գործադուլ հայտարարած վարորդները մեկումեջ տարբեր խնդիրներով էին դիմում քաղաքապետին՝ աշխատած լրացուցիչ օրերի դիմաց չվճարվելուց մինչև ավտոբուսների անսարքություն ու նոր տնօրենից դժգոհություններ: Հետո սկսեցին խմբով բղավեցին, որ դրանք չեն գործադուլի պահանջը, այլ աշխատանքից ազատված Մանուկյանին վերադարձնելը։

«Սխալ տեղ եք տանում, ես ասում եմ՝ օրը 4.5 միլիոն քիչ հավաքագրում է եղել միջինում, դուք իմ դեմ պահանջներ եք դնում, այդպես չի լինի։ Համենայն դեպս, այս թվերի մակարդակում նվազագույնը ակնհայտորեն խնդիր կա։ Վաղը կպարզվի՝ պարոն Մանուկյանը կապ չունի թեմայի հետ, իրեն կասենք՝ ներողություն, ցավդ տանեմ, դու կապ չունեիր թեմայի հետ, արի դու լավ մարդ ես, լավ մասնագետ ես», - արձագանքեց քաղաքապետը։

Երեկ երեկոյան Մանուկյանը մոտեցավ Ավինյանին ու դիմելով վարորդներին ասաց՝ քաղաքապետն իրեն կընդունի, կզրուցեն, իսկ այդ ընթացքում վարորդներին կրկին հորդորեց գնալ ու կանգառներում սպասող ուղևորներին տեղ հասցնել:

Քաղաքային իշխանության՝ չարաշահումների վերաբերյալ հայտարարություններին իրավական ընթացք դեռ չի տրվել, քաղաքապետարանից ասացին, իրենք դեռ աուդիտ են սկսել: Իր նշանակման մեկ ամսվա ընթացքում տնօրենը 16 աշխատակցի է գործից ազատել, որոնցից 5-ը՝ վարորդ:

Վերջին շրջանում համացանցում հաճախ են հանդիպում բողոքներ այն մասին, որ վճարված մետաղադրամները չեն հայտնվում ավտոբուսում տեղադրված սարքի մեջ։ Այս սարքերը միայն 100 դրամանոց են ընդունում, այսինքն՝ երբ ուղևորն ավելի խոշոր մետաղադրամ է տալիս, վարորդներն անձամբ են մանրը վերադարձնում, ոչ թե սարքը։ Արդյո՞ք ստվերի դեմ պայքար ասելով քաղաքապետարանը հենց սա նկատի ունի, կամ արդյո՞ք երեկ նշված չարաշահումները այս խնդրի հետ որևէ կապ ունեն, քաղաքապետարանից արդեն երկու օր է՝ չեն հստակեցնում։

Ավինյանը հայտարարեց՝ «Երևանի ավտոբուս»-ն օրական 4-4.5 մլն դրամ չի մուտքագրել բյուջե
please wait

No media source currently available

0:00 0:02:05 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG