Մատչելիության հղումներ

Թեհրանը «բարեկամական քայլ չի համարում» Բաքվի՝ 14 իրանցու անցանկալի անձ հռչակելը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայի, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայի, արխիվ

Իրանական կողմը բարեկամական քայլ չի համարում Ադրբեջանում 14 Իրանի քաղաքացու հռչակումը անցանկալի անձ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:

«Ընդհանուր առմամբ 14 Իրանի քաղաքացու անցանկալի անձ հռչակումը իմաստ չունի, քանի որ այդ անձանցից ոչ ոք դիվանագետ չէ և չի գտնվել Ադրբեջանի Հանրապետության տարածքում: Սակայն այդ քայլը չի կարելի անվանել բարեկամական», - ընդգծել է Բաղային:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ այդ կապակցությամբ ադրբեջանական կողմին պաշտոնական բողոք է փոխանցվել. - «Մենք բացահայտորեն մեր բողոքն ենք արտահայտել: Թեհրանում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է արտգործնախարարություն, որտեղ նրան ներկայացրել են մեր բողոքի դիրքորոշումը: Հետագայում մենք նաև քայլեր կձեռնարկենք, որոնք անհրաժեշտ կհամարենք, և կտեղեկացնենք այդ մասին»:

Նոյեմբերի 3-ին ադրբեջանական APA-ն հաղորդել էր «լրատվամիջոցներում և սոցցանցերում Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցնող և թշնամանք հրահրող» 14 իրանցու անցանկալի անձ հռչակելու մասին՝ առանց մանրամասներ հրապարակելու: Այդ անձանց, որոնց թվում կան կրոնական գործիչներ, գիտնականներ, պաշտոնյաներ, թերթի խմբագիր և դերասան, արգելվել է մուտք գործել Ադրբեջան:

Երկու երկրների միջև վերջին շրջանում ակնհայտ տարաձայնություններ կան որոշ հարցերի շուրջ: Մասնավորապես՝ հոկտեմբերի վերջին Բաքուն Թեհրանին մեղադրել էր իր ներքին գործերին միջամտելու մեջ, երբ Իրանի գիտության նախարար Հոսեյն Սիմայի Սարրաֆը հիջաբ կրելու պատճառով կրթության սահմանափակումների բախվող ադրբեջանցի աղջիկներին հրավիրել էր սովորելու իրանական համալսարաններում։ Օրեր առաջ էլ ադրբեջանական 55 հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ պահանջելով ապահովել Իրանում բնակվող էթնիկ ադրբեջանցիների մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը։




​
XS
SM
MD
LG