Չինական Շենժեն քաղաքում վաղը նախատեսված է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի նախագահների հանդիպումը, որը տեղի կունենա այսօր մեկնարկած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում:
Սի Ծինփինն այսօր Շենժենի օդանավակայանում անձամբ է դիմավորել Դոնալդ Թրամփին: Գիշերվանից Շենժենում է նաև Վլադիմիր Պուտինը, որը գագաթնաժողովի մասնակիցների գալա ընթրիքից առաջ լուսանկարվելու ժամանակ մոտեցել ու բարևել է Թրամփին:
Կրեմլի խոսնակն ասել է, որ Պուտինն ու Թրամփն այսօր, գուցե, ժամանակ չունենան լիարժեք բանակցությունների համար, սակայն կարող են զրուցել գագաթնաժողովի շրջանակում: Եվ նման հնարավորություն լինի, ապա առաջնորդները կարծիքներ կփոխանակեն Ուկրաինայի և Իրանի շուրջ, ասել է Դմիտրի Պեսկովը:
Ավելի արդար ու բազմաբևեռ աշխարհակարգ
Մինչ այդ Չինաստանի նախագահը հանդիպել էր Պուտինի հետ, թեև նրան անձամբ չէր դիմավորել: Առաջնորդները քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային իրավիճակը։ Սի Ծինփինն ասել է, որ Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ աշխատել տարածաշրջանի բարգավաճման համար: Ըստ նրա՝ Մոսկվան ու Պեկինը կուռ հարաբերություններ ունեն, որոնք դիմանում են ցանկացած փորձության և նպաստում են գլոբալ կայունությանը։
«Պարոն նախագահի և իմ հաստատուն ղեկավարության ներքո Չինաստան-Ռուսաստան հարաբերությունները մնացել են լեռան պես ամուր՝ տեղի չտալով քամուն և անձրևին ... և ապահովելով ավելի մեծ կայունություն և վստահություն օրեցօր ավելի բարդ դարձող ու արագ փոփոխվող աշխարհում»,- ասել է Չինաստանի նախագահը։
Պուտինն էլ ասել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը համագործակցում են՝ ձևավորելու ավելի արդար ու բազմաբևեռ աշխարհակարգ:
«Ռուսաստանի և Չինաստանի քաղաքական գործընկերությունը գործում է կայուն և դրական։ Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում մենք պահպանում ենք կառուցողական մոտեցումներ՝ ավելի արդար և բազմաբևեռ աշխարհակարգ ձևավորելու հարցում»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Գագաթնաժողովի բացման արարողությանը թե՛ Ծինփինը, թե՛ Պուտինը քննադատել են Արևմուտքի սահմանած պատժամիջոցները: Պուտինը նաև պնդել է, որ դրանք ձախողվել են, ապա հույս է հայտնել, որ վաղվա եռակողմ հանդիպումը զգալի օգուտ կբերի: Ակնկալվում է, որ վաղվա հանդիպմանը առաջնորդները կքննարկեն Իրանի շուրջ պատերազմն ու միջուկային զինաթափման հարցը։
Ինչ սպասել եռակողմ հանդիպումից
Շենժենի պատմական հանդիպումը շատերը համեմատում են Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամիսներին կայացած Յալթայի համաժողովի հետ, որի ժամանակ էլ որոշվեց Եվրոպայի և ասիական մի շարք փոքր պետությունների ճակատագիրը։
Որոշ վերլուծաբաններ, սակայն, կարծում են, որ Շենժենի հանդիպումն էապես կտարբերվի դրանից: Վիրջինիայի CNA Corporation-ի փորձագետ Էլիզաբեթ Վիշնիկի կարծիքով՝ նույնիսկ եթե առաջնորդները ցանկանային նման որոշումներ կայացնելու իշխանություն ունենալ, նրանք չէին կարող դրանք կյանքի կոչել, քանզի աշխարհը շատ է փոխվել:
«Այսօր բավական շատ անկախ գործիչներ մեծ տերություններին խոչընդոտելու կարողություն ունեն: Տեսեք, թե ինչ է կատարվում Պարսից ծոցում»,- ասել է փորձագետը:
Ավստրալական Lowy Institute-ի գիտաշխատող Բոբո Լոուի կածիքով՝ Չինաստանը փորձում է իրեն դիրքավորել որպես Գլոբալ Հարավի առաջնորդ։ Ըստ նրա, տեսակետը, որ գլոբալ կառավարման հարցում կարևոր որոշումները կայացնում են այս երեք առաջնորդները, հակասում է Պեկինի նարատիվին: «Չինացիները չափազանց զգուշավոր են այդ գաղափարի նկատմամբ»,- «Ազատությանն» ասել է նա:
Վաշինգտոնում գործող Stimson Center ուղեղային կենտրոնի չինական ծրագրի տնօրեն Յուն Սունն էլ «Ազատությանն» ասել է, որ Ծինփինի համար առաջնահերթ է հաջողությամբ հանդիպումներ անցկացնելն ու գերտերությունների հարաբերությունների կայունացման տպավորություն ստեղծելը: «Չինաստանը կկենտրոնանա սիմվոլիզմի վրա, այլ ոչ թե ձեռք բերված կոնկրետ համաձայնությունների»,- ասել է նա:
Հուդզոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ցիպորա Ֆրիդն էլ կարծում է, որ վաղվա հանդիպումից ամենաշատը կշահի Պուտինը, նույնիսկ եթե շոշափելի արդյունք չգրանցվի: Ըստ վերլուծաբանի՝ սա Պուտինին կօգնի վերականգնել իր միջազգային հեղինակությունը և դուրս գալ մեկուսացումից։ «Նա կկարողանա Ռուսաստանը ներկայացնել որպես մեծ տերություն, որը բանակցում է Ուկրաինայի ապագայի շուրջ՝ առանց մտահոգվելու մարտի դաշտում պարտության մասին», - ասել է նա։