Մատչելիության հղումներ

ՇՄ նախարարությունը թույլ չտվեց երկրաբանական ուսումնասիրություններ Արմանիսում

Արմանիսի ոսկու հանքի վերաբացման հարցով հանրային լսումները Ստեփանավանում, 20-ը հուլիսի, 2026թ.
Արմանիսի ոսկու հանքի վերաբացման հարցով հանրային լսումները Ստեփանավանում, 20-ը հուլիսի, 2026թ.

Լոռու ընդերքը փորելու «Սագամար» ընկերության հերթական փորձը ձախողվել է: Շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է Արմանիսում առաջիկա երեք տարիներին երկրաբանական ուսումնասիրությունների թույլտվության դիմումը։ Սա ընկերության առաջին ձախողումը չէ․2023-2026 թվականների հետազոտական ծրագիրը ևս ստացել էր պետական փորձաքննության բացասական եզրակացություն։

Այս անգամ մերժման գլխավոր պատճառներից մեկը «Հայանտառ»-ի կոշտ դիրքորոշումն է եղել։ Նախարարության մասնագետներն իրենց եզրակացության մեջ նշել են, որ ընկերությունը հաշվետվությունը լրամշակելիս մասամբ է հաշվի առել ստացված դիտողություններն ու առաջարկությունները: Մասնավորապես՝ ընկերության հայցած շուրջ 1500 հեկտար տարածքի մեջ ներառվել են «Ստեփանավանի անտառտնտեսության» խիտ անտառածածկ ու թփածածկ հողերը։ Ընկերությունը, չնայած վստահեցնում էր, թե բուն անտառներում աշխատանքներ չի անելու, այդպես էլ հրաժարվել է փոփոխել տարածքի պաշտոնական կոորդինատները։ Անտառներին հասցվող հնարավոր վնասները բացառելու նպատակով «Հայանտառ»-ը տվել է բացասական կարծիք, որն էլ վճռորոշ է դարձել նախարարության վերջնական որոշման համար:

«Ելնելով վերոգրյալից և այն հանգամանքից, որ «Հայանտառ»-ի ենթակայության տակ գտնվող տարածքները խիտ անտառածածկ և թփածածկ են, անտառային հողերին հասցվող հնարավոր անցանկալի ազդեցությունները բացառելու նպատակով, անկախ այն փաստից, որ վերը նշված հողամասերում աշխատանքներ չեն իրականացվելու, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ներկայացրել է բացասական կարծիք՝ բացառելով որևէ անտառային տարածքների ներառում», - ասված է որոշման մեջ:

Ստեփանավանում հանրային լսումները մեկուկես ամիս առաջ ընթացել էին թեժ մթնոլորտում։ Բնակիչներն ու էկոակտիվիստները դեմ էին արտահայտվում ծրագրին։ Նրանք պահանջում էին պահպանել համայնքի էկոլոգիական դեմքը, զարգացնել գյուղատնտեսությունն ու տուրիզմը, ապահովել ջրային ռեսուրսների ու բնակչության առողջության անվտանգությունը, որոնք համայնքի հնգամյա ծրագրի առաջնահերթություններն են։ Մյուսները հանդես էին գալիս ծրագրի իրականացման օգտին՝ նշելով դրա հնարավոր տնտեսական և սոցիալական ազդեցությունը համայնքների զարգացման, աշխատատեղերի ստեղծման և ենթակառուցվածքների բարելավման վրա:

Ուշագրավ է, որ մինչ ոսկի որոնելու մտադրություն ունեցող ընկերությունը դիմում էր տեղի բնակչությանն ու պետական մարմիններին երկրաբանական ուսումնասիրության թույլտվության համար, Ստեփանավանի ավագանին դեռ փետրվարին նախնական համաձայնություն էր տվել հանրային քննարկմանը։ Ավելին՝ առանց սպասելու վերջնական եզրակացությանը, այս տարվա ապրիլին «Սագամար» ընկերությանը Ստեփանավանի անտառներում թանկարժեք մետաղներ որոնելու համար 23 տարով վարձակալության էր տվել 23 հեկտար հողատարածք:
Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանն ավագանու նիստի ժամանակ բացահայտ հայտարարել էր, թե ընկերությունը 15 միլիոն դրամ է փոխանցել համայնքին: Քաղաքապետը չէր թաքցրել՝ պահանջ են դրել ու «պոկել» գումարը ընկերությունից. - «15 միլիոնն էլ «Սագամար»-ից, եթե կարելի է էդ բառը տենց ասել, պոկեցինք»:

Հանրային լսումներին մասնակցող բնապահպան Օլեգ Դուլգարյանը համարում է, որ սա բացահայտ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. - «Ստացվում է, որ համայնքը կամ ղեկավարությունը նախապես գիտի, որ ինքը տալու է համաձայնություն, և ներդրում է նախապես պահանջում, ստանում ներդրումը, նոր գործընթաց տանում և ավագանու որոշում հանում»:

Չնայած ընկերության փոխանցած միլիոններին, վճռորոշ է դարձել նաև բնակիչների ձայնը։ «Ստեփանավան՝ առանց հանքի» քաղաքացիական նախաձեռնության հավաքած ստորագրություններն ու դիմում-բողոքները հասել էին նախարարություն, ինչի մասին նշված է նաև պետական փորձաքննական եզրակացության մեջ: Բնապահպաններն ու տեղացիները սա համարել են կարևոր հաղթանակ ու սոցցանցերում շնորհավորել միմյանց:

Արդյոք Լոռու մարզի ընդերքով հետաքրքրված ընկերությունը թույլտվություն ստանալու նոր փորձեր կանի, թե ոչ, դեռ հայտնի չէ:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG