Շիրակի մարզում այս տարի 3 հազար հեկտարից ավելի կարտոֆիլ է մշակվել, որի 2 տոկոսը՝ շուրջ 50 հեկտարն արդեն ոռոգվում է կաթիլային համակարգով: Շիրակցի գյուղատնտեսները սկսել են ոռոգման համակարգի նոր տեխնոլոգիաների կիրառումը, քանի որ դաշտերում աշխատուժի պակաս կա, նաև ոռոգման ջրի ծախսն են կրճատել:
Անցած տարի փորձարկել, այս տարի արդեն ազատանցի Աբրահամյան եղբայրները իրենց 16 հեկտար կարտոֆիլի դաշտերը սկսել են ոռոգել կաթիլային եղանակով: Շուրջ 10 մլն դրամ վարկ են վերցրել կաթիլային ոռոգման համակարգը կառուցելու համար: Ոռոգման բաց համակարգից ջուրը խողովակով պոմպ է մղվում, հատուկ զտիչ սարքից էլ արդեն` դաշտի խողովակներ, ու կաթիլ-կաթիլ ջրվում են կարտոֆիլի դաշտերը:
Ակոսային եղանակով ջրելու դեպքում և՛ ջրի ծախսն էր շատ, և՛ ոչ համաչափ էին ջրվում դաշտերը, ինչն էլ, իր հերթին, բերքի վրա էր ազդում: Այս եղանակով, ասում է Գևորգ Աբրահամյանը, առողջ բերք կստանան. - «Մեր ստացած բերքը աշնանը առողջ է լինելու»:
«Կա փուլ կարտոֆիլի վեգետացիայի ընթացքում՝ կոնկրետ օգոստոսի վերջի և սեպտեմբերի առաջին տասնօրյակի մասին է խոսքը, որ ոչ մի ձևով ակոսային եղանակով չես կարողանալու ոռոգել, եթե փորձենք ոռոգել, ամբողջությամբ բերքը կփչացնենք, որովհետև ջուրը չի կարողանում ազատ տեղաշարժվել ակոսներով՝ կանաչ զանգվածի պատճառով: Էս պարագայում կաթիլայինը կամ էն մյուս տեսակը՝ ցնցուղայինը, շատ դրական ազդեցություն է թողնում էդ ոռոգման պրոցեսի ժամանակ», - մանրամասնեց ազատանցի ֆերմերը:
«Ազատություն»-ը հետաքրքրվեց, թե նույն 16 հեկտար կարտոֆիլի դաշտը եթե նախկին ակոսային եղանակով ջրեր, որքա՞ն գումար էր ծախսելու, և հիմա, երբ անցում է կատարել կաթիլային համակարգի:
«Ամեն հեկտարին էն ժամանակ վճարելու էինք մի 100 հազար դրամ, հիմա արդեն եթե վերցնենք ջրի խորանարդով, քիչ ենք վճարելու՝ կես գին, 50 տոկոսով ջրի ծախսը կրճատվել է», - ասաց Գևորգ Աբրահամյանը՝ հավելելով, որ ոռոգման ջրի կորուստ չունեն, ինչն ամենակարևորն է:
Ֆերմերի կարծիքով՝ կլիմայի գլոբալ տաքացման և ջրային պաշարների սակավության պայմաններում կաթիլային համակարգին անցումը լուրջ տնտեսումներ կարող է ապահովել. - «Ե՛վ մեր բույսի, բերքի մասին ենք մտածում, և՛, ինչու չէ, ջուր, որը թանկ ռեսուրս է, կարելի է կուտակել, ու եթե ունենանք մենք բավականաչափ ջրամբարներ, ջուրը քիչ ենք օգտագործելու, կորուստներ չենք ունենալու»:
Հաջորդ տարի ֆերմերը միայն խողովակներն է փոխելու, մնացած սարքավորումները փոխելու կարիք չկա: Սպասվող բերքն արդյո՞ք կատարած ծախսը կարդարացնի:
Իրենց օրինակին հետևել ու ոռոգման կաթիլային համակարգին են անցել ազատանցի այլ ֆերմերներ ևս: