Անաստաս Միկոյան 2/2 հասցեի դժգոհ բնակիչներից է նաև Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա քայլերով չափեց շենքի առաջին հարկում գործող մանկապարտեզից մինչև դիմացի շինհրապարակն ընկած հեռավորությունը: Բնակիչները տարակուսում են՝ ինչպե՞ս է քաղաքապետարանը շինթույլտվություն տվել, որ իրենց շենքից 22 քայլ այն կողմ կառուցվեն 21, 25 և 31 հարկանի երեք բարձրահարկ շենքեր։ Բնակիչները պատրաստվում են իրավական ճանապարհով վիճարկել շինթույլտվության օրինականությունը։
«Ես տունը գնել էի՝ որպես հանգիստ բնակարան, հեսա կենսաթոշակի եմ հասնում, մտածում էի՝ հանգիստ կապրեմ իմ բնակավայրում, բայց եկա այն փաստի առաջ կանգնեցի, որ մեծ շինարարություն է գնալու, ու մենք պետք է այդ շինարարության զոհերից մեկը դառնանք», «Իմ հանգստությունն էլ է կորելու, ես չեմ կարող հանգիստ ելումուտ անել իմ պատշգամբ, արդեն երկու հատ կառուցվել է, ես տեսա՝ ընթացքն ինչպես էր, ոչ միայն փոշի էր հավաքվում իմ տանը, այլ ավազ», - դժգոհում են բնակիչները:
Պետությունը միշտ ակամայից հայտնվում է կառուցապատողի կողքին. Արփինե Հովհաննիսյան
Արդարադատության նախկին նախարարն ասում է՝ «Կապիտալ Բիլդ» ընկերության գովազդից է տեղեկացել, որ Դավթաշենի կամրջի հարևանությամբ՝ Անաստաս Միկոյան 2/2 հասցեի իրենց շենքին հարող տարածքում երեք բարձրահարկերից բաղկացած բնակելի համալիրն այդ ընկերությունն է կառուցում: Ընկերությունից «Ազատությանը» խոստացան զանգահարել ու պատասխանել մեր հարցերին, մինչև աշխատանքային օրվա ավարտը, սակայն արձագանք չեղավ:
«Շինթույլտվությունը տվել է գործող քաղաքապետը, սակայն ամբողջ ելակետային տվյալները, փաստաթղթային բազաները, եղել են նախկին քաղաքապետի ժամանակ։ Պետությունը միշտ ակամայից հայտնվում է կառուցապատողի կողքին, որովհետև պետությունը չի ուզում պրոբլեմներ, պետությունը չի ուզում սնանկացած գործարարներ, չի ուզում փողոցում մնացած բնակիչներ, եթե արդեն կառուցված շենք է ու ավարտականները չկան: Նույն Դավթաշենում խայտառակ վիճակ է տարբեր հասցեներում եղել, որովհետև պետությունը ունակ չի որևէ ձևով կանգնելու քաղաքացու կողքին»,- ասում է Արդարադատության նախկին նախարարը:
Բնակիչներն ասում են՝ հույս ունեին, որ 2.5 տարի անմշակ մնացած տարածքում այգի կկառուցվի, սակայն հետո պարզել են, որ նախորդ սեփականատերը տարածքը վաճառել է «Կապիտալ Բիլդ»-ին, որն արդեն սահմանազատել է այն ու սկսել նախապատրաստական աշխատանքները։ Բնակիչները նեղսրտում են՝ շենքի այդ հատվածի ճանապարհը շատ նեղ է, իսկ երբ սկսեն վերամբարձ կռունկներ աշխատել, ստորգետնյա 4 հարկերի կայանատեղիները փորվեն, չեն պատկերացնում՝ ինչպե՞ս են ապրելու այդ աղմուկի, փոշու և անհարմարությունների պայմաններում: Բնակիչների խոսքով.- «Այս փոշին...մեծ խնդիր է լինելու ընտանիքիս համար, երեխաներիս առողջության համար», «Ամեն օր էստեղ խցանում կա, բակ չեմ կարողանում մտնել»:
Բնակիչները մտահոգություններ ունեն նաև սեյսմիկ անվտանգության հետ կապված։ Ասում են՝ ոչ ոք իրենց չի երաշխավորել, որ ստորգետնյա փորման աշխատանքները չեն ազդի իրենց շենքի հիմքերի ամրության վրա։ Պատմում են՝ 12-հարկանի շենքը երեք բարձրահարկերի միջև է հայտնվելու, հիշեցնում են՝ Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում։ Չեն մոռանում՝ մի քանի տարի առաջ Երևանում գրանցված ուժեղ ցնցումները, ընդգծում են՝ իսկ իրենց ու այդ նոր կառուցվելիք շենքերը միմյանց մոտ են լինելու։
Քաղաքապետարանից նշում են՝ այս փուլում անհանգստության կարիք չկա
Բնակիչների այս մտահոգությունները Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության հատուկ ծրագրերի վարչության պետ Ալիկ Վարդազարյանը հիմնավորված չի համարում։
«Այս փուլում դեռևս անհանգստության կարիք ես չեմ տեսնում, մտահոգիչ կարող են լինել, քանի որ մեծ շինարարական ծրագիր է իրենից ենթադրում, բավականաչափ դժվար աշխատանք է, բայց նմանատիպ աշխատանքներն օրենքով սահմանված կարգով, անվտանգության կանոնների պահպանման դեպքում՝ հարևան շենքի շահառուներին առանց վնաս հասցնելու հնարավոր է իրականցնել»,- նշում է քաղաքապետարանի պաշտոնյան:
Նրա խոսքով՝ նախագծի համաձայն՝ համալիրի բակի մուտքը հակառակ կողմից է լինելու, ուստի խցանումներ չի առաջացնի։ Սեյսմիկ անվտանգության մասով էլ պատասխանատվությունն ըստ նրա՝ կառուցապատողն է կրում: Ասաց՝ քաղաքապետարանը շինթույլտվություն տալիս է միայն համապատասխան կառույցների՝ նաև այդպիսի դրական եզրակացություններից հետո, իսկ դրանք տրվել են.
«Նախագծման թույլտվության ժամանակ քաղաքաշինական խորհրդի նիստում թվով 2 տասնյակ ճարտարապետների մասնակցությամբ քննարկվել է տվյալ գործը՝ սկսած քաղաքաշինական փաստաթղթերով ամրագրված. տվյալ հողատարածքն իրենից ինչ է ենթադրում, հարակից առկա իրավիճակից, էդ թվում՝ նաև ճանապարհային թողունակություններից»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության հատուկ ծրագրերի վարչության պետը:
Իրավաբան Արփինե Հովհաննիսյանն էլ հարցնում է.- «Եթե դուք տեսնում եք, որ բնակիչների իրավունքները անընդհատ խաթարում եք, կարո՞ղ եմ հասկանալ՝ այդ քաղաքաշինական նորմերը Համուրաբի օրենքներն են, թե ինչ-որ 12 տախտակների վրա գրված օրենքներն են, որ կպնել չի՞ կարելի: Բա ձեր տրամաբանությունը, ողջամտությունը և հոգածությունը քաղաքի բնակչի մասին որտե՞ղ է, փոխեիք: Այսքան տարի մարդիկ բարձրաձայնում են՝ 9-րդ տարին գործող իշխանության և, բնականաբար, դրանից առաջ էլ նախորդ իշխանությունների ժամանակ: Ի՞նչն է բռնում մարդկանց ձեռքը՝ փոխելու քաղաքաշինական կանոնները»:
Համալիրի շինթույլտվությունը տրվել է 2023 թվականի դեկտեմբերին՝ վեց տարի ժամկետով։ Բնակիչները թերահավատ են, որ մինչև 2029 թվականը շինարարությունը կավարտվի, որովհետև, ասում են՝ տարածքում նոր-նոր են սկսում շինաշխատանաքները: Իսկ սա ըստ նրանց, նշանակում է, որ իրենց բակային հանգիստ միջավայրը կվերածվի մշտական անհարմարությունների գոտու։
Բնակիչներից մեկի խոսքով՝ ինքը և մի քանի հարևաններ արդեն մտածում են իրենց բնակարանները վաճառելու մասին, սակայն համոզված են՝ կից կառուցապատումը բացասաբար կազդի նաև իրենց տների արժքի վրա: Բնակիչներից մեկի խոսքով.- «Ես ուղղակի շատ մեծ կորուստ եմ ունենալու: Մեր շենքերից շատ մարդկանցից եմ լսել, որ արդեն պատրաստ են վաճառել ու դուրս գալ, քանի որ իրենց համար սա անթույլատրելի էր»:
Իրավաբան Արփինե Հովհաննիսյանը, որ վերջին տարիներին ակտիվ անդրադառնում է մայրաքաղաքի կառուցապատման խնդիրներին ու իրավական աջակցություն տրամադրում տուժած բնակիչներին, հիմա իրենց շենքի մասով է պատրաստվում իրավական գործընթաց սկսել, նշում է.- «Առաջին քայլը, որ կատարել ենք, հարցմամբ դիմել ենք քաղաքապետարան՝ հիմքեր ուզելու։ Իսկ այդ հիմքերը բավականին շատ բաներ ցույց կտան»:
Վերջին տասնամյակում Երևանում զգալիորեն աճել է կառուցապատման տեմպը: Քաղաքապետարանի տվյալների համաձայն՝ 2014-ին շինթույլտվությունների թիվը կազմել է 1430, իսկ 2023-ին հասել 4448-ի՝ ավելի քան եռապատկվելով։ Թե սրանցից քանիսն է բազմաբնակարան շենք՝ քաղաքապետարանի կայքում հստակ նշված չէ։ Երևանի քաղաքապետարանն այս տարի թվով 40 շինթույլտվություն է տվել բնակելի 65 բարձրահարկերի համար։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.