Մատչելիության հղումներ

ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները

Սահմանադրական դատարանը որոշել է, որ ՀԷՑ-ի վերաբերյալ հրատապ կարգով ընդունված օրենքները համապատասխանում են Սահմանադրությանը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ձայներով ընդունված «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքների սահմանադրականության հարցով պատգամավորների դիմումը Բարձր դատարան էր մուտք արվել հուլիսի 11-ին:

Ըստ էության, Սահմանադրական դատարանը որոշել է, որ «Տաշիր կապիտալին» լիցենզիայից զրկելը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

Այս օրենքներում ընդունված փոփոխություններով հնարավոր էր դարձել ՀԷՑ-ի կառավարումը ժամանակավոր կառավարչի հանձնել:

Ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարանին միջնորդել էին նաև կասեցնել օրենքի գործողությունը, մինչև Բարձր դատարանը գործով վերջնական որոշում կկայացնի: Նման որոշում նաև միջազգային արբիտրաժն է կայացրել, որը, սակայն, Կառավարությունը հրաժարվում էր կատարել:

ՀԷՑ-ի պետականացման գործընթացը սկսվեց դրա սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ եկեղեցուն աջակցող հայտարարությունից ու նրա կալանավորումից հետո: Կարապետյանները և ՀԷՑ-ի նախկին ղեկավարությունը հայտարարում է՝ ընկերության դեմ «մարտեր առանց կանոնների» ձևաչափով են պայքարում, իրենք իրավական ճանապարհով կգնան:


XS
SM
MD
LG