Եպիսկոպոսը սարկավագի է՞ ծեծել, այն էլ ճրագալույցի պատարագին՝ Գեղամ սարկավագը պնդում է, որ հարվածներ ստացել է, բայց չգիտի՝ ծեծ էր, թե ոչ։
«Ընդհանուր հարվածներ է հասցրել։ Դե չգիտեմ՝ դա ծեծ է համարվում, կոնկրետ ինչը ոնց է բնորոշվում ծեծի, բայց հարվածներ հասցրել է ինձ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու սարկավագ: Գեղամ Ավետիսյանը:
Ըստ նրա՝ հարվածներ հասցնողը մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն էր՝ վարչապետ Փաշինյանի հռչակած եկեղեցու բարենորոգման օրակարգին միացած հոգևորականներից։
«Ես իրեն ոչ հարվածել եմ, ոչ էլ ավելորդ բառ եմ ասել», - պնդեց Ավետիսյանը:
23 տարի հոգևոր ծառայություն իրականացնող սարկավագը զատկական պատարագը բաց է թողել, այժմ էլ նկարահանումից հրաժարվեց, որովհետև, ասաց, ներարկումներ է ստանում ցավերին դիմանալու համար։ Ցավերը ոչ թե հարվածից, այլ սթրեսից են։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու լուսարարապետ Պողոս վարդապետ Վարդապետյանն է ճրագալույցի պատարագը մատուցել: Պատմեց այն, ինչ իր ներկայությամբ է եղել, և այն, ինչ լսել է սարկավագից։ Ըստ նրա՝ պատարագի ժամանակ, երբ ինքը՝ հայր Պողոսը, ծածուկ աղոթքի մեջ էր, մոտենում է սարկավագն ու ասում, որ իրեն Անուշավան սրբազանը հրահանգել է իջնել սուրբ սեղանից, այսինքն՝ պատարագի մատուցման արարողությանը չմասնակցել։
«Ես իրեն կանչում եմ, ասում՝ եթե պատճառ չկա, ինքն ասում է՝ ոչ, հետևաբար ասում եմ՝ մնա և շարունակի քո սպասավորությունը, որպեսզի չտուժի պատարագի ծառայությունը», - պնդեց Պողոս վարդապետը:
Հայր սուրբն ասաց՝ պատարագի կարգն է այդպես՝ բոլոր սարկավագներն ու դպիրները վերևում են լինում, եթե նրանցից որևէ մեկը պատժված չէ։ Եթե Գեղամ սարկավագը պատժված էր, պիտի վաղօրոք իմանայինք, նշեց լուսարարապետն ու այդ օրը պատարագող Պողոս վարդապետը. «Գիտեմ Գեղամ սարկավագին, ինքը շատ խոնարհ, հնազանդ, ծառայասեր և եկեղեցուն նվիրված անձնավորություն է»:
Հայր սուրբը պատմեց՝ ճրագալույցի պատարագի ավարտին Անուշավան սրբազանը սարկավագին կանչել է ավանդատուն՝ իր առանձնասենյակ, երկուսով են եղել: Որ հենց այստեղ էլ սկսել է հարվածել, հայր սուրբն արդեն սարկավագից է լսել։
«Ազատությունն» Անուշավան սրբազանին եկեղեցում չգտավ, մեր զանգերն անպատասխան մնացին։ Ավելի ուշ նա փոխանցեց իր հերքումը՝ ոչ թե ծեծկռտուք է եղել, այլ քննարկում սարկավագի հետ։
«Ճրագալույցի Սուրբ պատարագի օրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում ծառայող սարկավագի պարտականությունների պատշաճ կատարման վերաբերյալ տեղի է ունեցել կարճ քննարկում տվյալ սարկավագի հետ, որի արդյունքում նրան արվել են նաև որոշակի դիտողություններ», - հավաստիացրել է եպիսկոպոսը։
Նա հավելել է՝ զրպարտություն է, թե ինքը սարկավագին ծեծել է: Անուշավան եպիսկոպոսը խոստանում է իրավական գործողություններ սկսել, եթե այս պատմությունը շարունակվի։
«Ազատության» հարցին, թե չի՞ փորձել նույն եկեղեցու հոգևոր տեսուչից՝ Անուշավան սրբազանից ճշտել՝ ինչ է եղել, եկեղեցու լուսարարապետ, Պողոս վարդապետը պատասխանեց. «Մենք չենք կարողանում հանդիպել իրար: Իր հետ միշտ լինում են կողմնակի անձնավորություններ, ես առանձնազրույց չեմ կարողանում ունենալ»:
Եկեղեցում պատմեցին՝ Անուշավանը եպիսկոպոսը՝ այստեղի հոգևոր տեսուչը միշտ չէ, որ այստեղ է լինում, երբեմն գալիս է, անպայման մի քանի ուժայինների ուղեկցությամբ։ Ինչ միացել է կաթողիկոսին գահից իջեցնելու շարժմանը, երկու պատարագ է մատուցել, երկուսն էլ՝ վարչապետ Փաշինյանի ներկայությամբ։ Բարենորոգման օրակարգը պառակտել է այս եկեղեցին. եպիսկոպոսը ուզում է գահընկեց անել վեհափառին, նրա հովվության ներքո ծառայող սարկավագը հավատարիմ է վեհափառին։
Ճրագալույցի պատարագի օրը ավանդատան մուտքի մոտ տիկին Անահիտն է եղել, պնդում է՝ ոչ մի միջադեպ չի տեսել։ Գեղամ սարկավագը բնական է համարում, որ ոչ ոք չի տեսել, թե ինչպես է եպիսկոպոսը հարվածում իրեն, որովհետև դա տեղի է ունեցել ներս ընկած սենյակում, որտեղ երկուսով էին։
Հարցին, թե իսկ ինչո՞ւ իրավապահներին չի դիմել, սարկավագն ասաց. «Դիմեմ, ի՞նչ անեմ, իրավապահներն ի՞նչ կանեն, ես չգիտեմ, այսինքն՝ այդ պահին որ չեմ դիմել, էլ հիմա չեմ էլ ուզում: Երևի այդ պահին պետք է դիմեի, բայց ներքին ապրումներից ելնելով՝ չգիտեմ, այդ ժամանակ ոչ մեկին ես չեմ ասել»:
Սարկավագը կարևոր է համարել, որ միջադեպի մասին իմանան միայն Մայր Աթոռում։ Իսկ Էջմիածնում այս հարցը քննարկվելո՞ւ է՝ Մայր Աթոռից դեռ չեն պատասխանել։