Մատչելիության հղումներ

«Սա մարտահրավեր է, որ միայն իմը չէ». Պաշտպանության նախարարն անդրադարձել է բանակում մահվան դեպքերին

Բանակում վերջին շրջանում մահվան դեպքերին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Հարցին, թե ինչո՞ւ է բանակում այսպիսի իրավիճակ, որ 10 օրում 3 մահ կա, ո՞րն է պատճառը, Պապիկյանը պատասխանեց.

«Ինտեսիվության հետ կապված ես չեմ կարող գնահատական տալ, թե որն է պատճառը, որ այս կարճ ժամանակում ունենք նման խտություն։ Բայց այն, որ մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, սա նորություն է ՀՀ-ում։ Ինչու։ Բանակի պատմությունը նաև որոշակի վիճակագրություն է ենթարդում։ ՀՀ բանակի պատմության ողջ ընթացքում դեպքեր՝ ինքնասպանության, սպանության, ոչ կանոնադրային հարաբերությունների եղել են մշտապես։ Դրանք բարձրացել են, իջել են։ Օրինակ՝ 2025 թվականին մեր աշխատանքի արդյունքում այդ թիվը հասել է մինիմալի՝ երկուսի»,- հայտարարեց Սուրեն Պապիկյանը, շարունակելով.

«Իհարկե, դեպքերի մի մասը ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում է, մի մասը քրեական ենթամշակույթի հետևանքն են, ոչ միայն այսօր, նաև երեկ։ Սա մարտահրավեր է, որ միայն իմը չէ ու անկախ նրանից Պաշտպանության նախարարը կլինեմ ես, թե այլ մարդ, սրան պետք է համակարգային մոտեցում»։

Հարցին, թե ունե՞ք պատասխանատվություն այս դեպքերի առնչությամբ, նախարարը պատասխանեց. «Որպես՝ Պաշտպանության նախարար ես իմ պատասխանատվության մասնաբաժինն ունեմ, բայց դրա մասնաբաժինն ունեն նաև նրանք, ովքեր այդ քրեական ենթամշակույթի, բայց միշտ չէ, որ քրեական ենթամշակույթի մասին է խոսքը, որ դրան վերաբերվում են մատների արանքով։ Այս հարցին մենք պետք է համակարգային մոտենալ»։

Խաղաղ պայմաններում բանակում չդադարող մահերի ու խորացող խնդիրների շուրջ քննադատությունից հետո, Ռազմական ոստիկանապետի պաշտոնում Աշոտ Զաքարյանի փոխարեն նշանակվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Պաշտոնանկ արվեց նաև բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Սերյոժա Ստեփանյանը։ Նախարար Սուրեն Պապիկյանը հրաժեշտ տվեց նաև իր երկու խորհրդականներին՝ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին։

Ռազմական ոստիկանության նորանշանակ պետի հանձնարարությամբ, ինչպես Պաշտպանության նախարարությունն է հաղորդել, «Ռազմական ոստիկանության ծառայողները ՊՆ զորամասերում մեծ ծավալով անցկացնում են ընդհանուր կանխարգելիչ, ինչպես նաև անհատական կանխարգելիչ միջոցառումներ»:


XS
SM
MD
LG