Անցյալ սեպտեմբերին տասնյակ գործարարներ և սպորտային ոլորտի ղեկավարներ հավաքվել էին Ստամբուլի կոնֆերանսների կենտրոններից մեկում՝ մասնակցելու ընթրիքի և ժողովի, որ կազմակերպել էր բռնցքամարտի համաշխարհային կառույցը՝ Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA)։
Միջոցառումը հյուրընկալողը ասոցիացիայի նախագահն էր՝ Կրեմլի հետ կապեր ունեցող գործարար Ումար Կրեմլևը։ Նա բեմից հայտարարել էր նոր նախաձեռնության մասին, որի նպատակն էր «բիզնեսը համադրել արժեքների, բռնցքամարտը՝ արդարության, իսկ ժառանգությունը՝ նորարարության հետ»։
Բեմում նրա կողքին էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, որը գովաբանեց Կրեմլևին և անդրադարձավ նախորդ տարվա ամառային Օլիմպիական խաղերի ընթացքում երկու կին բռնցքամարտիկների մասնակցության շուրջ առաջացած հակասություններին։
«Սա պարզապես բռնցքամարտի մասին չէ։ Սա կյանքի դասերի, կարգապահության, ազնվության և հնարավորությունների մասին է։ Դա է այն ժառանգությունը, որի կարիքն ունենք, և ես հպարտ եմ Ումարին ոչ միայն որպես առաջնորդ, այլև որպես ընկեր կոչելու համար», - ասել էր Թրամփ կրտսերը։
Ստամբուլում կայացած միջոցառման տեսանյութում երևում է, որ Թրամփ կրտսերին ուղեկցում էր նրա ֆինանսական հարցերով խորհրդատու Բետինա Անդերսոնը՝ ամերիկյան բանկային ոլորտի ղեկավարներից մեկի դուստրը։
Ութ ամիս անց նրանք ամուսնացան Ֆլորիդայում կայացած արարողությամբ, որին հաջորդեց մի քանի օր տևած խնջույք Բահամյան կղզիներից մեկում:
Հետխնջույքի ծախսերը հոգացել էր Կրեմլևը։
Բացահայտումները, որոնք նախ հրապարակվել էին հետաքննական լրագրությամբ զբաղվող ProPublica կազմակերպության զեկույցում, իսկ ավելի ուշ՝ The New York Times-ում, ուշադրության կենտրոնում դրեցին Թրամփ կրտսերի հարաբերությունները մի մարդու հետ, որը հայտնի է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապերով, ինչպես նաև բռնցքամարտի ֆեդերացիայի առաջնորդությամբ, որը երկար տարիներ ուղեկցվել է խնդիրներով և սկանդալներով։ Այդ ֆեդերացիան նաև վաղուց կապեր ունի կազմակերպված հանցավորության հետ։
ProPublica-ի հրապարակումից կարճ ժամանակ անց տարածված հայտարարության մեջ Թրամփ կրտսերն ու Բետինան հաստատեցին ֆինանսավորման մասին տեղեկությունները՝ միաժամանակ այդ ժեստը ներկայացնելով որպես ընկերոջ կողմից արված նվեր։
«Մեր սիրելի ընկեր Ումարը շատ առատաձեռնորեն մեզ համար կազմակերպեց երկու անհավանական երեկո՝ մեր հարսանիքից ՀԵՏՈ», - ասված էր զույգի՝ Instagram-ում հրապարակած հայտարարության մեջ, - «Դա ընկերոջ կողմից արված չափազանց առատաձեռն հարսանեկան նվեր էր, որի համար մենք անչափ շնորհակալ էինք և շարունակում ենք շնորհակալ լինել»։
«Ցավալի է, որ նման անձնական ու ուրախ իրադարձությունը կարող է քաղաքական կամ չարամիտ ենթատեքստ ունեցող բանի վերածվել», - նաև նշված էր հայտարարությունում, - «Ընկերությունը քաղաքական դրդապատճառ չի պահանջում։ Առատաձեռնությունը ինքնաբերաբար որևէ օրակարգ չի ենթադրում։ Եվ երբեմն հարսանեկան նվերը պարզապես հարսանեկան նվեր է»։
Սպիտակ տան կողմից The New York Times-ին տրամադրված հայտարարության մեջ նախագահ Թրամփն ասել էր. - «Ես գաղափար չունեմ, թե ով է Ումարը, երբեք չեմ լսել նրա մասին, և նա չի վճարել Դոնի ու Բետինայի հարսանիքի համար, որը տեղի է ունեցել բոլորովին այլ վայրում և մեկ այլ օր»։
«Դա նրանց պատվին կազմակերպված «հետխնջույք» էր։ Մեծ բան չէ», - Թրամփի խոսքերն էր մեջբերել հայտարարությունը։
Լութֆուլլոևից՝ Կրեմլև
Կրեմլևը ծնվել է 1982 թվականին Մոսկվայից հարավ գտնվող Սերպուխով քաղաքում՝ Ումար Լութֆուլլոև անունով։ Նրա հայրը՝ Նազար Լութֆուլլոևը, տաջիկ էր, որը, ըստ հաղորդումների, լքել է ընտանիքը, երբ Ումարը դեռ երեխա էր, և մահացել է վերջին տարիներին։ Նրա մոր ինքնությունը անմիջապես պարզել չհաջողվեց։
Հանրային ելույթներում Կրեմլևը պատմել է, որ դեռ պատանեկության տարիներին զբաղվել է բռնցքամարտով, սակայն երբեք պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ չի եղել։
2000-ականների կեսերին նրա նկատմամբ առնվազն երկու քրեական դատավճիռ է կայացվել՝ մեկը՝ շորթման, մյուսը՝ հարձակման համար։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մինչև 2010 թվականը նա սկսել էր գործընթաց՝ Լութֆուլլոև ազգանունը Կրեմլև-ով փոխելու համար։ Վերջինն ավելի ռուսական հնչողություն ունի և ակնհայտորեն ասոցացվում է Կրեմլի հետ։ Այդ ժամանակ նա նաև սկսեց աշխատել որպես բռնցքամարտի պրոմոութեր։
Մոտավորապես այդ ժամանակ Կրեմլևը սկսեց մասնակցել «Գիշերային գայլեր» ազգայնական մոտոցիկլետային ակումբի հանդիպումներին։ Ակումբն արժանացել է Պուտինի անձնական հավանությանը և, ըստ հաղորդումների, ստացել պետական ֆինանսավորում։
Կրեմլևը նաև մտերմացավ Ալեքսեյ Ռուբեժնիի հետ՝ Պահպանության դաշնային ծառայության բարձրաստիճան պաշտոնյայի, որը ղեկավարում է Պուտինին և կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներին պաշտպանելու համար պատասխանատու մարմինը։ Ռուբեժնին այդ ծառայության տնօրեն է նշանակվել 2016 թվականին։
Հարվածներով լի նախագահություն համաշխարհային բռնցքամարտում
Ըստ հետաքննական Proyekt կազմակերպության՝ Ռուբեժնին նաև գլխավորել է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի վերահսկիչ խորհուրդը, իսկ ավելի ուշ նրա քույրն ամուսնացել է Կրեմլևի հետ։
2017 թվականին Կրեմլևը դարձավ Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարը։
Երեք տարի անց նա ընտրվեց Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի՝ IBA-ի նախագահ՝ այդ պաշտոնում փոխարինելով ուզբեկ գործարար Գաֆուր Ռախիմովին։ ԱՄՆ իշխանությունները վերջինիս մեղադրել էին խոշոր հանցավոր հեղինակություն լինելու և հերոինի ապօրինի միջազգային շրջանառության մեջ ներգրավված լինելու համար։ Ռախիմովը երկար ժամանակ հերքել է բոլոր մեղադրանքները։
Կրեմլևի՝ ասոցիացիայի նախագահի պաշտոնը ստանձնելուն զուգահեռ հայտարարվեց նաև խոշոր ֆինանսական հովանավորի՝ «Գազպրոմ»-ի մասին։ Պետական վերահսկողության տակ գտնվող գազային հսկայի բիզնեսային և ներդրումային որոշումները սերտորեն համահունչ են Կրեմլի քաղաքականությանը։
Կրեմլևի ղեկավարության տարիներին բռնցքամարտի ֆեդերացիան բացահայտ հակամարտության մեջ մտավ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ՝ ֆեդերացիայի կառավարման, ֆինանսների և մրցավարության վերաբերյալ երկարատև կասկածների ֆոնին։
Իր հերթին, Կրեմլևը հրապարակեց անգլերեն ենթագրերով մի շարք տեսանյութեր, որոնցում վիրավորական արտահայտություններով քննադատում էր ՄՕԿ-ին և դրա այն ժամանակվա նախագահ Թոմաս Բախին։
2023 թվականին՝ Փարիզի Օլիմպիական խաղերից մեկ տարի առաջ, որոնց ընթացքում բռնցքամարտիկ կանանց մասնակցության շուրջ սկանդալ բռնկվեց, ՄՕԿ-ը զրկեց IBA-ին արտոնագրից։ Դա կոմիտեի կողմից խոշոր միջազգային մարզական կառույցի նկատմամբ աննախադեպ քայլ էր։ ՄՕԿ-ը նաև IBA-ին զրկեց 2028 թվականին Լոս Անջելեսում կայանալիք Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարը կազմակերպելու իրավունքից։
2024-ին Կրեմլևը ստանձնեց Ռուսաստանի խոշորագույն ավտոդիլերական խմբերից մեկի՝ «Ռոլֆ»-ի վերահսկողությունը։ Ընկերությունը նախկինում բռնագրավվել էր դրա հիմնադիր Սերգեյ Պետրովից, որը լքել էր Ռուսաստանը։ Ըստ Proyekt-ի՝ ընկերությունը պետականացնելու և այնուհետև Կրեմլևին հանձնելու որոշումը կայացրել էր անձամբ Ռուբեժնին։
Կրեմլևը գործունեությունն ընդլայնել է նաև այլ ոլորտներում, այդ թվում՝ սննդային հավելումների և ավտոմեքենաների վերականգնման բիզնեսում։ «Կոմերսանտ»-ի տվյալներով՝ նա խոշոր բաժնեմասեր ունի ռուսական խաղադրույքների «Լիգա Ստավոկ» և Fonbet ընկերություններում։
Ռուսաստանի գործարար շրջանակներում Կրեմլևի վերելքը նաև անձամբ Պուտինի ուշադրությունն է գրավել։
Ապրիլի կեսերին՝ Թրամփ կրտսերի հարսանիքին մասնակցելուց մի քանի շաբաթ առաջ, Կրեմլևը մասնակցել էր Կրեմլում անցկացված արարողությանը, որտեղ այլ մարզիկների և սպորտային պաշտոնյաների հետ արժանացել էր Բարեկամության շքանշանի։ Պարգևը նրա պիջակին ամրացրել էր անձամբ Պուտինը։
Մի քանի շաբաթ անց նա գործարար պատվիրակության կազմում մեկնել էր Չինաստան՝ Պուտինին ուղեկցելով չինացի պաշտոնյաների հետ բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ։
Հոր հայրենի Տաջիկստանում Կրեմլևը շարունակում է սերտ կապ պահպանել հարազատների հետ և այնտեղ նաև փոքրածավալ բարեգործական գործունեություն է իրականացնում՝ առանց մեծ հրապարակայնության։
Անցյալ տարի, երբ Մոսկվայի դպրոցներից մեկում դանակով հարձակման հետևանքով սպանվել էր տաջիկ դեռահաս, Կրեմլևը գումար էր տրամադրել Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տղայի մոր համար բնակարան գնելու նպատակով։