Մատչելիության հղումներ

ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանին ԵՄ աջակցության խոստումները «դեկլարատիվ» են անվանել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության շենքը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության շենքը

Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցառումները հեռու են իրականությունից և հիմնականում դեկլարատիվ բնույթ ունեն, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության Եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։

«ԵՄ-ի կողմից Հայաստանին ներկայումս առաջարկվող աջակցության միջոցառումները հիմնականում դեկլարատիվ բնույթի են»,- ասել է դիվանագետը և հիշեցրել, որ ԵՄ ներքին շուկան բարձր մրցակցային է և կարգավորվող, իսկ հայկական արտադրանքին այնտեղ անհամբեր չեն սպասում:

Ռուսաստանի շարունակական սպառնալիքների ֆոնին՝ այս տարի ԵՄ-ն 50 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրեց Հայաստանին: Սեպտեմբերի կեսին էլ Եվրոպական խորհրդարանը հաստատեց Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը այն բանից հետո, երբ Ռուսաստանը փուլ առ փուլ սահմանափակեց Հայաստանից տարբեր ապրանքների ներմուծումը:

ԵՄ արտոնյալ պայմաններն ազատականացնում են Հայաստանից ԵՄ արտահանումների շուրջ 80 տոկոսը: Բրյուսելի առաջարկը ազատ առևտրի հնարավորություն է նախատեսում հայկական 324 ապրանքախմբի համար:

Եվրամիության հաշվարկներով՝ հայաստանցի գործարարները երկու տարվա ընթացքում ԵՄ-ին ընդհանուր 5.4 միլիոն եվրոյի չափով մաքսատուրք չեն վճարի: ԵՄ-ի գնահատմամբ՝ արտոնությունը կծածկի դեպի Ռուսաստան միրգ-բանջարեղենի արտահանումների 99 տոկոսը ու խմիչքների 91 տոկոսը:

Հայաստանն անցած տարվա գարնանը օրենք է ընդունել ԵՄ-ին անդամակցության գործընթացը սկսելու համար։ Վլադիսլավ Մասլեննիկովը հիշեցրել է, թե ԵՄ անդամության թեկնածու երկրները տասնամյակներ շարունակ սպասել են դաշինքին անդամակցությանը։

Մոսկվան պնդում է, որ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի՝ ընտրություն կատարելով Եվրոպական և Եվրասիական միությունների միջև: Երևանը հայտարարել է, որ առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամակցելու դիմումի գործընթացը, սակայն այժմ հանրաքվե անելու անհրաժեշտություն չի տեսնում:


XS
SM
MD
LG