Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս շաբաթավերջին ուղևորվում է Ուզբեկստան՝ բանակցելու Կենտրոնական Ասիայի հինգ երկրների հետ, մինչ Թրամփի վարչակազմը ձգտում է ուժեղացնել առևտրային կապերը և ընդլայնել Վաշինգտոնի ռազմավարական ներկայությունը տարածաշրջանում:
Ռուբիոն մասնակցելու է հոկտեմբերի 17-20-ը Սամարղանդում կայանալիք C5+1 ձևաչափով՝ Միացյալ Նահանգների և Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախարարական հանդիպմանը: Նա նաև երկկողմ հանդիպումներ է ունենալու բոլոր հինգ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ և գլխավորելու է ավելի քան 200 բիզնես առաջնորդների առևտրային պատվիրակությունը, հոկտեմբերի 13-ին հաղորդել է Պետդեպարտամենտը:
Այցը կատարվում է Կենտրոնական Ասիայի կարևորագույն հանքային, էներգետիկ ռեսուրսներով և տրանսպորտային միջանցքներով Միացյալ Նահանգների աճող հետաքրքրության ֆոնին, երբ տարածաշրջանի կառավարությունները ջանում են դիվերսիֆիկացնել գործընկերությունը և նվազեցնել իրենց կախվածությունը ավանդական տերություններից:
«Միացյալ Նահանգների և Կենտրոնական Ասիայի երկրների միջև այս աննախադեպ ներգրավվածությունը և այս ուղևորությունը առաջին քայլը կլինեին տվյալ ուղղությամբ», - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ասաց Հադսոն ինստիտուտի ավագ գիտաշխատող Քեն Մորիյասուն:
«Կենտրոնական Ասիայի երկրներն իրականում այնքան էլ հարմարավետ չեն զգում՝ փոխարինելով Ռուսաստանի գերիշխանությունը Չինաստանի գերիշխանությամբ», - նշեց նա՝ բացատրելով, թե ինչու են տարածաշրջանային մայրաքաղաքները կապեր հաստատում Վաշինգտոնի և եվրոպական գործընկերների հետ:
Ուկրաինայի դեմ պատերազմը շեղել է Մոսկվայի ուշադրությունը և ռեսուրսները՝ այլ տերությունների համար հնարավորություն ստեղծելով խորացնելու կապերը Կենտրոնական Ասիայի հետ:
Չինաստանը, մինչդեռ, ընդլայնել է իր ներկայությունը տարածաշրջանում առևտրի, ենթակառուցվածքներում ներդրումների և իր դրոշակակիր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության միջոցով:
«Թրամփի վարչակազմը շատ կենտրոնացած է իր շահերի, Ամերիկայի շահերի և Չինաստանի հետ գլոբալ մրցակցության վրա», - նշեց Ատլանտյան խորհրդի ոչ ռեզիդենտ ավագ հետազոտող և Հարկերի և ներդրումների կենտրոնի Էներգետիկայի, աճի և անվտանգության ծրագրի գործադիր տնօրեն Արիել Քոհենը:
«Հստակաբար, Չինաստանը գերիշխող տնտեսական տերությունն է, Ռուսաստանի հետ դեռ շատ անվտանգային կապեր կան, բայց Միացյալ Նահանգները չի հեռանում և չի լքում այդ ավազատուփը», - հավելեց Քոհենը:
Ավելի ուժեղ տնտեսական և դիվանագիտական կապերը կօգնեին Վաշինգտոնին ապահովել մատակարարումների շղթաները, ընդլայնել առևտրային հնարավորությունները և կանխել որևէ մեկ երկրի՝ տարածաշրջանում ճնշող ազդեցություն ձեռք բերելը:
200-ից ավելի բիզնես առաջնորդների պլանավորվող պատվիրակությունը ցույց է տալիս կոմերցիոն դիվանագիտության շեշտադրումը վարչակազմի կողմից, ասում են վերլուծաբանները, հավելելով՝ Վաշինգտոնը հուսով է, որ առավել սերտ ներգրավվածությունը կփոխակերպվի ներդրումների և բիզնես համաձայնությունների մի շարք ոլորտներում:
«Մենք արդեն վիթխարի առաջընթաց ենք արձանագրել Կենտրոնական Ասիայի պետությունների հետ մեր հարաբերությունները զարգացնելու գործում և պետք է շարունակենք ընդլայնել այդ գործընկերությունները՝ հեռացնելով ժամկետանց, խորհրդային դարաշրջանի Ջեքսոն-Վենիկի սահմանափակումները», - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ասաց հանրապետական սենատոր Սթիիվ Դեյնզը՝ ակնարկելով օրենսդրությունը, որը մերժում է որոշ ներկայիս և նախորդ ոչ շուկայական տնտեսությունների հետ բնականոն առևտրային հարաբերությունները, քանի դեռ դրանք չեն հետևում արտագաղթի ազատության վերաբերյալ որոշակի պահանջների:
Հազվագյուտ հանքանյութերը պատկերի կարևոր մաս են կազմում, բայց Կենտրոնական Ասիայի ռազմավարական արժեքը նաև Չինաստանի, Ռուսաստանի, Հարավային Ասիայի և Եվրոպայի միջև դրա աշխարհագրական դիրքն է: Տարածաշրջանը միջազգային շուկաներին կապող տրանսպորտային ուղիները կարևորություն են ձեռք բերել Ռուսաստանով անցնող ուղիներին այլընտրանքներ գտնելու՝ կառավարությունների ձգտման լույսի ներքո:
Մորիյասուն մատնանշում էր Միջին միջանցքը, որը Կենտրոնական Ասիան Կասպից ծովով և Հարավային Կովկասով կապում է Եվրոպայի հետ՝ որպես ավելի լայն ռազմավարական հնարավորության բաղկացուցիչ: Այդ ուղիներում Միացյալ Նահանգների ավելի ուժեղ կորպորատիվ ներկայությունը կարող էր օգնել տարածաշրջանում երկարատև ամերիկյան տնտեսական շահերի հաստատմանը:
Այցի հաջողությունը կախված կլինի նրանից, թե արդյո՞ք դիվանագիտական խթանը կհանգեցնի կոնկրետ ներդրումային հանձնառությունների և կայուն առևտրային համաձայնությունների, թե՞ կմնա սոսկ բարձրաստիճան հանդիպում:
Կենտրոնական Ասիան՝ ուշադրության կենտրոնում
Հանդիպումը հյուրընկալելը Ուզբեկստանին հնարավորություն է տալիս ամրապնդելու համագործակցությունը Վաշինգտոնի հետ՝ միաժամանակ բարձրացնելով նրա հեղինակությունը իբրև տարածաշրջանային դիվանագիտական կենտրոն:
Նախագահ Շավքաթ Միրզիյոևը հետևողականորեն հետամուտ է լինում Միացյալ Նահանգների հետ ավելի սերտ ներգրավվածության: Վաշինգտոնը, ըստ սույն հոդվածի համար տրամադրված տեղեկատվության, հրավիրել է Միրզիյոևին և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին մասնակցելու դեկտեմբերին Մայամիում կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովին:
Դիվանագիտական ներգրավվածությունը տեղիք է տվել շահարկումների Կենտրոնական Ասիա նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր այցի մասին, ինչը Միացյալ Նահանգների գործող նախագահի համար աննախադեպ քայլ կլիներ և ենթադրաբար Վաշինգտոնին տարածաշրջանային առաջնորդների ավելի կայուն հասանելիություն կընձեռեր:
Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի ավագ գիտաշխատող և Կենտրոնական Ասիա-Կովկաս ինստիտուտի ծրագրերի տնօրեն Լորա Լինդերմանի խոսքով՝ Ռուբիոյի մասնակցությունը C5+1 հանդիպմանը արդեն իսկ դրական զարգացում է:
Լինդերմանն ասաց, թե ձևաչափի ընդլայնումը՝ դրանում ընդգրկելով Ադրբեջանը և ստեղծելով C6+1 շրջանակ, ներգրավվածությունն ավելի հավակնոտ կդարձնի:
«Միջոցառումը է՛լ ավելի հաջողված կհամարվեր, եթե Միացյալ Նահանգներն ընդլայներ ձևաչափը՝ դարձնելով C6+1 և Ադրբեջանին մաս դարձնելով դրան», - «Ազատ եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ասաց Լինդերմանը:
Ուոլ Սթրիթի մի բարձրաստիճան գործադիր պաշտոնյա, ով Ռուբիոյի պատվիրակության հետ Սամարղանդ է ուղևորվում, ասաց, թե տարածաշրջանի հետ աշխատանքի մի քանի տասնամյակների ընթացքում երբեք չէր տեսել նման ուժգին հետաքրքրություն ամերիկյան բիզնեսի կողմից: Նա խոսեց անանուն մնալու պայմանով, քանի որ լրատվամիջոցների հետ զրուցելու համար լիազորված չէ:
«Մենք գիտենք, որ սերտ անձնական կապեր կան Թրամփի վարչակազմի անդամների և Կենտրոնական Ասիայի որոշ նախագահների միջև: Բայց ներկայիս հետաքրքրվածությունը Ուզբեկստանով և տարածաշրջանի այլ երկրներով անցնում է այդ հարաբերություններից անդին: Դա թե՛ անձնական և թե՛ ինստիտուցիոնալ է», - ասաց Ուոլ Սթրիթի ղեկավար պաշտոնյան:
Նրա խոսքով՝ ամերիկյան ընկերությունների աճող հետաքրքրությունը նաև Չինաստանի հետ տնտեսական մրցակցության արդյունք է:
«Ամերիկյան բիզնեսը հասկացել է, որ եթե չինտենսիվացնեն իրենց գործարար ակտիվությունը տարածաշրջանում, Չինաստանը շուտով կկլանի այնտեղ ամեն ինչ: Նրանք ցանկանում են մրցակցել Չինաստանի հետ գլոբալ մակարդակով և նրա անմիջական հարևանությամբ, քանի որ տարածաշրջանը հենց նրա կողքին է», - ընդգծեց «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի զրուցակիցը:
Ուզբեկստանից հետո Ռուբիոն մեկնելու է Մումբայ և Ջամնագար՝ այս տարի իր երկրորդ պաշտոնական այցը կատարելով Հնդկաստան: Նախատեսված են պետքարտուղարի հանդիպումները կառավարական պաշտոնյաների և բիզնես առաջնորդների հետ՝ քննարկելու ԱՄՆ-Հնդկաստան ռազմավարական գործընկերությունը, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները, էներգետիկ ոլորտում համագործակցությունը և առևտրային ներդրումները: