Այսօր առավոտյան ռուսական զորքերը Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում 2 երթուղային ավտոբուսի են հարվածել, 12 մարդ զոհվել է, ևս 19-ը՝ վիրավորվել, հաղորդել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը: Ավելի ուշ Դոնեցկի մարզային դատախազությունը ճշտել է, որ զոհվել է 30, վիրավորվել՝ 18 մարդ:
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10-ի սահմաններում: Դատախազության տվյալներով՝ հարվածը ենթադրաբար հասցվել է УМПБ Д-30 СН արդիականացված կառավարվող ավիառումբով:
Դատելով հրապարակված լուսանկարներից՝ ավտոբուսներն ամբողջությամբ այրվել են:
«Սա «պատերազմի հետևանքներ» և չոր վիճակագրություն չէ: Սրանք մարդիկ են, որոնց սպանել է ռուսաստանյան բանակը: Ռուսաստանը ուկրաինական հող է գալիս մահվան հետ: Նա հարվածում է մեր քաղաքներին, սպանում է մեր մարդկանց և ամեն օր բազմապատկում իր հանցագործությունները: Դրան չկա և չի կարող լինել ոչ մի արդարացում», - ընդգծել է Ֆիլաշկինը:
Դոնեցկի մարզի ղեկավարը մարզի բնակիչներին կոչ է արել տարհանվել Ուկրաինայի ավելի անվտանգ տարածաշրջաններ:
Ուկրաինայի իշխանությունները և միջազգային կազմակերպությունները ուկրաինական քաղաքներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին ռուսական բանակի հարվածները որակում են իբրև Ռուսաստանի պատերազմական հանցագործություններ և ընդգծում դրանց նպատակաուղղված բնույթը: Ռուսաստանը հերքում է քաղաքացիական նեթակառուցվածքների վրա նպատակաուղղված հարձակումների մեղադրանքը: