Ռուսաստանն ու Ուկրաինային գիշերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Ռուսական զինուժը հարվածել է Ուկրաինային, թիրախում են եղել նաև էներգետիկ ենթակառուցվածքները: Ռուսական զինուժը կիրառել է 176 անօդաչու:
Ուկրաինական ДТЕК ընկերությունը հայտնել է, որ իր ջերմաէլեկտրակայաններից մեկը ենթարկվել է զանգվածային հրետակոծության, ինչի հետևանքով էլեկտրաէներգիայի արտադրությունը լիովին դադարեցվել է։
Դնեպրոպետրովսկի մարզի չորս շրջաններ անօդաչու թռչող սարքերով գրեթե 20 անգամ հարձակման են ենթարկվել, կա երկու վիրավոր, հայտնել է տարածաշրջանային պետական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։ Դնեպրում վնասվել են ենթակառուցվածքներ, իսկ Պավլոգրադում՝ վարչական շենքը և մասնավոր տունը։
Հարձակման է ենթարկվել նաև Խարկովը, ինչպես նաև Սումիին, որտեղ վիրավորներ կան: Պոլտավայում հարձակման է ենթարկվել երկաթուղային ենթակառուցվածքը, հարվածից հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։
Ուկրաինական հարվածները
Ուկրաինական ուժերն իրենց հերթին հարվածել են Նիժնի Նովգորոդի մարզի Գորոդեց քաղաքում գտնվող Հարկային ծառայությանը պատկանող տվյալների մշակման կենտրոնին, հայտնում է տելեգրամյան Exilenova+ ալիքը:
Վերլուծաբանները նշում են, որ սա Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության երկու հիմնական տվյալների կենտրոններից մեկն է, որը գործում է աշխարհագրական բաշխված ռեժիմով: Այն պահպանում և մշակում է պետական գրանցամատյաններից, այդ թվում՝ հարկային տվյալների բազաներից ստացված տվյալները: Այս օբյեկտի վրա հարձակումը կարող է ազդել Ռուսաստանի կառավարության տեղեկատվական համակարգերի գործունեության վրա:
Գորոդեցի շրջանի ղեկավար Ալեքսանդր Մուդրովը հաստատել է քաղաքի վրա հարձակումը, բայց մանրամասներ չի հայտնել։
Պերմի մարզի Բերեզնիկի քաղաքում հարձակման է ենթարկվել «Ուրալխիմ» ընկերության «Ազոտ» մասնաճյուղը: Սա քիմիական արտադրական խոշոր համալիր է, որը ներառում է մոտ 90 արտադրական շենք: «Ազոտ»-ի հիմնական արտադրանքը՝ ամոնիումի նիտրատը, պայթուցիկ նյութերի արտադրության կարևոր բաղադրիչ է:
Ռուսաստանի կողմից օկուպացված Լուգանսկում հարձակման է ենթարկվել կապի աշտարակը, ինչի հետևանքով քաղաքի մի մասում կապի խափանում է եղել։
Ուկրաինական զինուժը հարվածել է նաև Կուրսկի մարզին, կա երկու վիրավոր: Վնասվել է նաև յոթ մեքենա, մեկ մասնավոր տուն, երկու ավտոտնակ և պահեստ։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ՀՕՊ ուժերը «որսացել և ոչնչացրել են» 443 ուկրաինական անօդաչու թռչող սարք։