Ռուսական զինուժը գիշերը հարվածել է Ուկրաինայի Օդեսայի և Կիևի մարզերին, կան տուժածներ, հայտնում է «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» նախագիծը:
Ռուսական զինուժն Օդեսայում հարվածել է բիզնես կենտրոնի, ինչի հետևանքով մեկ մարդ է վիրավորվել: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ վնասվել են բիզնես կենտրոնի երկու շենքերի տանիքները և ճակատային մասը: Պայթյունի ալիքի հետևանքով կոտրվել են պատուհանները, մասամբ փլուզվել են հինգերորդ հարկի պատերը և հրդեհ է առաջացրել:
Կիևի Օբոլոնսկի շրջանում պահեստի վրա հարձակումից հետո ևս մեկ մարդ վիրավորվել է: Սոլոմյանսկի շրջանում հրդեհ է բռնկվել 16 հարկանի շենքի առաջին հարկում գտնվող սենյակում և մոտակայքում կայանված մեքենաներում: Հրդեհը տարածվել է 80 քառակուսի մետր տարածքում և մարվել: Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի տվյալներով՝ շենքը սրճարան է եղել:
Իզյումում ռուսական հարձակման հետևանքով վնասվել է ավելի քան 20 մասնավոր տուն, մեկ մեքենա և չգործող ձեռնարկության շենքեր։ Մեկ մարդ վիրավորվել է։ Քաղաքի ռազմական վարչակազմի տվյալներով՝ հարվածը հասցվել է կառավարվող ռումբերով։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության փոխանցմամբ՝ ռուսական բանակն Ուկրաինայի ուղղությամբ գիշերը 107 անօդաչու թռչող սարք է արձակել, որոնցից 87-ը Ուկրաինան խոցել է:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարված է հասցվել Կիևի «Ռենտա Լոգիստիկա» տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնին, որտեղ ենթադրաբար տեղակայված է եղել անօդաչու նավակների արտադրության արհեստանոց։
Ըստ նախարարության՝ Օդեսայում հարված է հասցվել HOSTING-UA տվյալների կենտրոնին, իսկ Չեռնոմորսկի նավահանգստում՝ Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող բեռնատար նավին։