Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով Հայաստան է առաքել ցորեն և պրոպան

Ադրբեջանի տարածքով Հայաստան ժամանող երկաթուղային շարժակազմ, արխիվ
Ադրբեջանի տարածքով Հայաստան ժամանող երկաթուղային շարժակազմ, արխիվ

Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով Հայաստան է առաքել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան, հաղորդում է «ԱզերԹԱջ»-ը: Ըստ Ադրբեջանի պետական լրատվական գործակալության՝ ցորենով բեռնված է երկաթուղային շարժակազմի 9 վագոն, պրոպանով՝ 1 վագոն:

Սա այս շաբաթ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան արտահանված ապրանքի արդեն չորրորդ խմբաքանակն է, նշում է Ռուսաստանի ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը: Ըստ նույն աղբյուրի՝ նախորդող օրերին այդ երթուղով Հայաստան է առաքվել ընդհանուր առմամբ 5.6 տոննա ցորեն և 273 տոննա գարի:

Անցած տարվա հոկտեմբերի վերջից, երբ Ադրբեջանը վերացրեց իր տարածքով բեռների Հայաստան տարանցման արգելքը, Ռուսաստանից այդ ճանապարհով Հայաստան է արտահանվել ավելի քան 49 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 1114 տոննա ածուխ, 133 տոննա ալյումին և 67 տոննա փայտանյութ:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը գարնանը՝ Երևանում անցկացված երկու եվրոպական գագաթնաժողովներից հետո, որոնցից մեկին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահը, սկսեց հայկական ապրանքների ներմուծումների նկատմամբ սահմանափակումներ կիրառել, որոնք շարունակ ընդլայնվում են՝ տարածվելով հանքային ջրերի, գյուղմթերքի, ծաղիկների, ձկնեղենի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների որոշ տեսակների, կաթնամթերքի վրա:

Ըստ «ԱզերԹԱջ»-ի՝ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք և շուրջ 5 տոննա բենզին:

Հայաստանից Ադրբեջան ապրանք դեռ չի արտահանվել:

XS
SM
MD
LG