Մատչելիության հղումներ

Ռուսաստանը 11 նոր Ռուսական տուն կբացի, այդ թվում 2-ը՝ Հայաստանում

«Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության ղեկավար Իգոր Չայկա, արխիվ
«Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության ղեկավար Իգոր Չայկա, արխիվ

«Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության ղեկավար Իգոր Չայկան համաձայնագրեր է ստորագրել 11 նոր գործընկերային Ռուսական տներ բացելու մասին, այդ թվում երկուսը՝ Հայաստանում, այսօր հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

Հայաստանից բացի, նոր հարթակներ են բացվելու Քենիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Մադագասկարում, Մալիում, Սան Տոմե և Պրինսիպիում, Սենեգալում, Սիերա Լեոնեում, Թայլանդում և Տոգոյում:

«Այսօր մենք բավականին մեծ քայլ ենք անում՝ ստորագրում ենք համաձայնագրեր ևս 11 գործընկերային «Ռուսական տներ» բացելու մասին: Փաստացի, մենք այսօր կիսով չափ մեծացնում ենք մեր ցանցը», - հայտարարել է Չայկան՝ նշելով, որ մինչ օրս ցանցը ներառել է 25 գործընկերային Ռուսական տներ 22 երկրներում։

«Մեր երկու գործընկերային տները կբացվեն Հայաստանում՝ Արտաշատ և Աշտարակ քաղաքներում», - նաև նշել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարը:

Երևանում արդեն իսկ գործում է Ռուսական տուն՝ այն բացվել է 2009 թվականին:

Վերջերս Գերմանիան հայտարարեց Բեռլինում Ռուսական տան փակման մասին, անցած տարի էլ փակվեց այդ հաստատությունը Բաքվում՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հակասությունների սրման ֆոնին: Մասնավորապես քարոզչության և լրտեսության կասկածանքներով Ռուսական տները փակվել են նաև Սլովենիայում՝ 2022 թվականին, Ռումինիայում՝ 2023-ին, Հյուսիսային Մակեդոնիայում, Խորվաթիայում, Չեռնոգորիայում՝ 2023-ին, Մոլդովայում՝ 2025-ին, Սլովակիայում այն 2023-ին փակվել, ապա երկու տարի անց վերաբացվել է:




XS
SM
MD
LG