Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց էներգետիկ օբյեկտներին, ինչպես նաև այլ ենթակառուցվածքների:
Ուկրաինական ուժերը նոյեմբերի 3-ի գիշերը հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանի վրա, ինչից հետո խոշոր հրդեհ է բռնկվել:
Յարոսլավլի նահանգապետ Միխայիլ Եվրաևը հայտնել է, որ հարվածի հետևանքով երկու աշխատակից է վիրավորվել: Ըստ նրա՝ էլեկտրոնային պատերազմի և հակաօդային պաշտպանության ուժերը «հետ են մղել նավթավերամշակման գործարանի վրա անօդաչու թռչող սարքերով իրանակացվող լայնածավալ հարձակումը՝ խոցելով 124 անօդաչու թռչող սարք:
«Վնաս է հասցվել գործարանի ենթակառուցվածքներին։ Արտակարգ իրավիճակների ծառայություններն աշխատում են հրդեհը մարելու ուղղությամբ։ Գործարանի երկու աշխատակից բեկորային վնասվածքներ են ստացել։ Վիրավորները հոսպիտալացվել են։ Խփված անօդաչու թռչող սարքերի բեկորները կոտրել են նաև մի քանի բազմաբնակարան շենքերի և մասնավոր տների պատուհանները, ինչպես նաև վնասել բնակիչների մեքենաները», - գրել է նա։
Astra-ի և տելեգրամյան այլ ալիքների տվյալներով՝ հրդեհ է բռնկվել «Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ» նավթավերամշակման գործարանում է։ Գործարանի տարածքում արձանագրվել է հրդեհի հինգ խոշոր և երկու փոքր օջախ։
«Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ»-ը Ռուսաստանի հինգ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է և բազմաթիվ հարձակումների թիրախ է դարձել։ Դրա տարեկան հզորությունը կազմում է մոտ 15 միլիոն տոննա նավթ։ Գործարանն արտադրում է բենզին, դիզելային վառելիք, ավիացիոն կերոսին և ռեակտիվ վառելիք։ Ուկրաինայի զինված ուժերը նավթավերամշակման գործարանը համարում են «ծայրահեղ կարևոր» ռուսական բանակի լոգիստիկայի համար։
Ռուսական հարվածները
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ռուսական զորքերը հարվածել են Վիննիցայի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին։
«Վնասվել են Ուկրաինայի էներգետիկ համալիրի օբյեկտները, որոնք էլեկտրաէներգիա են մատակարարում ռազմական արդյունաբերության ձեռնարկություններին և Ուկրաինայի զինված ուժերին», - նշվում է գերատեսչության հաղորդագրությունում:
Հարձակման ենթարկված թիրախների թվում են չորս ջերմաէլեկտրակայաններ և երկու էլեկտրական ենթակայաններ։
Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքների և ռազմական նպատակներով օգտագործվող նավերի։
Սումիի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերում ռուսական «Գերան» ռեակտիվ անօդաչուները հարվածել են չորս լոկոմոտիվի։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական 856 անօդաչու թռչող սարք է խոցել Բրյանսկի, Բելգորոդի, Վլադիմիրի, Կալուգայի, Կուրսկի, Նովգորոդի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի և Յարոսլավլի մարզերի, Մոսկվայի մարզի, բռնակցված Ղրիմի և Սև ծովի վրա։