Ռուսական կողմը ԱԹՍ-երով հարվածել է Ուկրաինային․ կան վիրավորներ

Լրացված

Ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Կիևի մարզի Դիմեր բնակավայրում վնասվել է հինգհարկանի բնակելի շենք։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ տարհանվել է 9 մարդ, երկուսը՝ վիրավորվել։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզում ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով բնակելի շենքի փլատակների տակ, հնարավոր է,14 մարդ կա դեռ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 186 անօդաչու թռչող սարք, որոնցից, ըստ ուկրաինական կողմի, 161-ը հաջողվել է խոցել։ Հարվածներ են գրանցվել 18 վայրում։ Անկախ աղբյուրներից այս տեղեկությունը հնարավոր չէ ճշտել։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն ու տեղական իշխանությունները հայտնում են նաև Զապորոժիեի, Խարկովի մարզի Լոզովայա քաղաքի և Չեռնիգովի մարզի ուղղությամբ հարձակումների մասին։ Զապորոժիեում երկու մարդ է վիրավորվել, Լոզովայայում՝ մեկը։ Տուժածներ կան նաև Սումիի և Դոնեցկի մարզերում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածներ են հասցվել Զապորոժիեի ենթակայանին, Օդեսայի մարզի Կիլիա նավահանգստին, ինչպես նաև Սև ծովում գտնվող չոր բեռների փոխադրման նավին։

​
XS
SM
MD
LG