Ուկրաինայի նախագահի գրասենյակը «չափազանցություն» է որակել հայտարարությունը, թե Մոլդովայի տարածք ներխուժած ռուսական անօդաչուն վտանգ էր ներկայացնում Վլադիմիր Զելենսկիի ինքնաթիռին, որով նախագահը սեպտեմբերի 8-ին մեկնում էր Նորվեգիա՝ նախկին թագավոր Հարալդ V-ի հուղարկավորությանը մասնակցելու:
Ամբողջ պատմությունը սկսվեց նրանից, երբ Նորվեգիայի վարչապետը հայտարարեց, թե ռուսական անօդաչուն քիչ էր մնացել Քիշնևում խոցեր Զելենսկիի ինքնաթիռը: «Նրա ինքնաթիռը քիչ էր մնացել խոցվեր անօդաչուի կողմից Մոլդովայից թռչելու ժամանակ։ Սա այն իրականությունն է, որում նա հայտնվել է», - ասել էր Յոնաս Գահր Ստյորեն:
Նորվեգիայի վարչապետի գրասենյակի պետքարտուղարը ստիպված էր խմբագրել իր ղեկավարին՝ նշելով, որ այդ անօդաչուի պատճառով Զելենսկիի թռիչքը դեպի Օսլո հետաձգվել է: Սակայն հայտնի չէ, թե արդյոք անօդաչուն ուղիղ սպառնալիք էր ինքնաթիռի համար, ասել է Բհանուջա Ռասիահը։
«Սրանք այն սպառնալիքներն են, որոնց նա բախվում է ամեն օր։ Հայտնի չէ, թե որքան մոտ են եղել անօդաչուները նրա ինքնաթիռին», - ասել է Բհանուջա Ռասիահը:
Նորվեգիայի ֆինանսների նախարար, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ ասել է, որ միջադեպի մասին իմացել է անձամբ Զելենսկիից սեպտեմբերի 8-ին Օսլոյում կայացած հանդիպմանը: «Չեմ կարող մանրամասների մեջ մտնել, բայց նա ուշացել էր. ինքնաթիռին ուղղված որոշ սպառնալիքներ էին եղել», - նշել է նա։
Անօդաչուն՝ 160 կմ հեռու
Ըստ Մոլդովայի կառավարության խոսնակի՝ Ուկրաինայով Մոլդովա ներխուժած ռուսական անօդաչուի պատճառով երկրի օդային տարածքը սեպտեմբերի 8-ի ցերեկը ավելի քան մեկ ժամով փակվել է:
«Նաև այս պատճառով է, որ Ուկրաինայի նախագահի ինքնաթիռը ուշացումով է թռել Քիշնևի միջազգային օդանավակայանից», - ասել է Դումիտրու Չորիչին: Սահմանակից Ռումինիան նույնիսկ F-18 կործանիչ է օդ բարձրացրել՝ հնարավոր սպառնալիքը չեզոքացնելու համար:
«Ազատության» մոլդովական ծառայության տվյալներով՝ անօդաչուն այնուհետև պայթել է Մոլդովայի շրջաններից մեկում, որը մոտ 160 կմ հեռու է Քիշնևից: Իսկ Զելենսկիի ինքնաթիռին Քիշնևում թռիչքի թույլտվություն տրվել է միայն դրանից հետ:
Ինչո՞ւ է Զելենսկին թռչում Քիշնևից
Իսկ ինչո՞ւ է Զելենսկին թռչում հենց Քիշնևից: Ուկրաինայի օդային տարածքը պատերազմից ի վեր փակ է, և Զելենսկին հարևան երկրներից է մեկնում այլ պետություններ: Այս տարվա հունիսից նա հաճախ մեկնում է հենց Քիշնևից, այլ ոչ թե Լեհաստանից, ինչպես նախկինում:
Մամուլը գրում է, որ այս պրակտիկան սկսվել է, երբ լարվեցին Ուկրաինայի և Լեհաստանի հարաբերությունները: Իսկ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Զելենսկին բանակի զորամիավորումներից մեկը վերանվանեց «Ուկրաինական ապստամբական բանակի հերոսների պատվին»: Վերջիններս Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում մասնակցել են Վոլհինիայի կոտորածներին, որոնց ժամանակ, ըստ Լեհաստանի, մոտ 100,000 լեհ է սպանվել։
Չնայած Զելենսկին այդ ժամանակ հայտարարեց, որ իր ժեստը հակալեհական քայլ չէ, Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Ուկրաինայի առաջնորդին զրկեց Սպիտակ Արծիվ շքանշանից, որ նրան շնորհվել էր 2023-ին: