Մատչելիության հղումներ

Ռուս զինվորականները Սև ծովում հարձակվել են թուրքական բեռնանավի վրա

Անցած գիշեր ռուսական զորքերը հարվածել են երկու քաղաքացիական առևտրային նավերի, որոնք ուղևորվում էին դեպի ուկրաինական նավահանգիստներ, հայտնել է Ուկրաինայի վերականգնման հարցերով փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան։

Ուկրաինայի ռազմածովային ուժերի տվյալներով՝ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Պանամայի դրոշի ներքո նավարկող Victress բեռնանավում, որը պատկանում է թուրք նավատիրոջ։ Նավի անձնակազմը բաղկացած էր ինը անդամից՝ Եգիպտոսի, Թուրքիայի և Հնդկաստանի քաղաքացիներից։

Կուլեբայի տեղեկացմամբ՝ զոհվել է մեկ մարդ՝ 58-ամյա խոհարարը, որը Եգիպտոսի քաղաքացի էր։ Մյուս ութ նավաստիները, որոնց թվում եղել են Թուրքիայի և Հնդկաստանի քաղաքացիներ, տարհանվել են։ Նավը զգալի վնասներ է կրել։

Ուկրաինայի փոխվարչապետի խոսքով՝ ռուսական զինուժը հարձակվել է նաև Պալաուի և Բելիզի դրոշների ներքո նավարկող նավերի վրա։

«Սա Ռուսաստանի կողմից իրականացված հերթական ռազմական հանցագործությունն է։ Առևտրային նավատորմի և հումանիտար ծովային երթուղիների դեմ հարձակումները ուղղակի սպառնալիք են համաշխարհային պարենային և տնտեսական անվտանգությանը և պահանջում են միջազգային հանրության վճռական արձագանքը», նշել է Կուլեբան։

XS
SM
MD
LG