Մատչելիության հղումներ

«Ռեպրեսիա է». ընդդիմադիր Ռուբիկ Հակոբյանը՝ կրկին մեղադրյալի աթոռին

Մեկ տարում երկրորդ անգամ է ձերբակալվում նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:

«Ելույթներ եմ ունեցել, ասել եմ, որ պետք է հեռացնել այս իշխանություններին ամեն գնով, դրանք հիմա մեկտեղել են, 24 թիվ, տենց բոլորը մեկտեղել են, ասում են, որ ուզում եք իշխանությունը առաջարկում եք ամեն գնով հեռացնել», - ասաց նախկին պատգամավորը:

Հակոբյանն այսօր տնից քննչական բաժին եկավ ոստիկանների ուղեկցությամբ: Ոստիկանները շտապեցնում էին, բայց հասցրեց «Ազատությանն» ասել, որ այս նոր գործը վերաբերում է 2024 թվականին իր հնչեցրած արտահայտություններին, քննադատություններին:

Ոստիկանության աշխատակիցները թույլ չտվեցին այլ մանրամասներ ճշտել, ներս տարան նրան:

Քննչական կոմիտեն ժամեր անց հայտարարեց, որ նախկին պատգամավորին մեղադրում են համացանցում ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային խոսքի տարածման համար: Բայց այս անգամ կալանքի միջնորդություն չեն ներկայացրել, դիմել են դատարան, որ 70-ամյա Հակոբյանի նկատմամբ կիրառվի վարչական հսկողություն:

Թե ի՞նչ է ասել նախկին պատգամավորը, որ իրավապահները հանցագործություն են որակել, և արդյո՞ք իսկապես երկու տարվա վաղեմության հայտարարություններ են դրանք, Քննչականը դեռ չի բացահայտում:

Փաստաբան Վարազդատ Հարությունյանն անհիմն է որակում մեղադրանքը:

«Հրապարակային կոչի հոդվածն է՝ 329, որը լայնորեն կիրառվում է գործող իշխանությունների ընդդիմադիրների նկատմամբ», - նշեց փաստաբանը:

Վերջին պահին հոր ձերբակալության վայր էր հասել Սամվել Հակոբյանը, ով, ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է:

«Անում են այն, ինչ չի զարմացնում, որովհետև մտածում էինք՝ եթե Նիկոլ Փաշինյանի մոտ ստացվի վերարտադրվել, ապա ինքը գնալու է ընդդիմադիրների հետևից, և տեսնում ենք, որ պարզ ոտնձգություն է թե՛ խոսքի ազատության դեմ, թե՛ բազմակարծության դեմ, որովհետև չի կարող 70 տարեկան, չորս-հինգ գումարման պատգամավոր, տասը տարվա դիվանագետը քաղաքական իր հարցազրույցով դառնալ հանցագործ: Սա ռեպրեսիա է», - ասաց Սամվել Հակոբյանը:

Վարչապետ Փաշինյանը և՛ նախընտրական, և՛ հետընտրական շրջանում խոստացել է բանտ նետել ընդդիմախոսներին, բայց նա իր խոսքում հիմնականում հիշատակում է առանցքային ընդդիմադիր ուժերի առաջնորդների՝ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի անունները:

Իսկ Ռուբիկ Հակոբյանի նախորդ ձերբակալությունը ևս խոսքի համար էր: Այն ժամանակ իրավապահները նախկին պատգամավորին մեղադրել էին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի համար:

«Դուրս շպրտել. դա հեղաշրջում կկոչվի, ապստամբություն կկոչվի, չգիտեմ ինչ կկոչվի: Ինքը խախտել է Սահմանադրությունը, ինքը գլխատել է պետությունը», - մասնավորապես հայտարարել էր նախկին պատգամավորը:

Լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում այս և իշխանությանը քննադատող այլ խոսքերի համար Հակոբյանն առաջին ատյանի դատարանի կողմից արդեն մեղավոր է ճանաչվել: Դատարանը, սակայն, Դատախազության պահանջած երեք տարվա ազատազրկման փոխարեն նրան տուգանել է մոտ 3 միլիոն դրամով: Որդին ասաց՝ այս որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, քանի որ կողմերը բողոքարկել են այն:

«Էդ գործը դեռ քննվում է, հիմա Վերաքննիչում հա՛մ մենք, հա՛մ դատախազը բողոքարկել ենք վճիռը», - ասաց Հարությունյանը:

Հակոբյանից բացի, լրատվամիջոցների հետ հարցազրույցներից հետո մեղադրյալի աթոռին են հայտնվել միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և իշխանությանը քննադատող մոտ մեկ տասնյակ այլ քաղաքացիներ: Հայաստանյան իրավապաշտպանները նկատում են, որ իրավապահները նույն եռանդով չեն գործում պաշտոնյաների դեպքում. նրանց կամ նրանց աջակիցների հնչեցրած արտահայտությունների դեպքում, եթե վարույթներ էլ հարուցվում են, մեղադրյալներ ներգրավելու որոշումներ չկան, ինչպես, օրինակ, տարեվերջին Կաթողիկոսին քարով «սատկացնելու» կոչ արած գառնեցի տղամարդու գործով:

Այս դեպքում, ինչպես փոխանցեցին Քննչական կոմիտեից, քննիչը գառնեցի տղամարդուն որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդություն է ներկայացրել, բայց Դատախազությունը մերժել է այն:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG