Մատչելիության հղումներ

ՌԴ-ում լավ չպաշտպանված օբյեկտները կանցնեն արտաքին կառավարման. Պուտինը հրամանագիր է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ստորագրել է «Ռուսաստանի Դաշնությունում կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների անվտանգությունն ապահովելու միջոցառումների մասին» հրամանագիրը։ Դրանում նշվում է, որ եթե նման օբյեկտների սեփականատերերը չեն կարողանում բավարար միջոցներ ձեռնարկել դրանք պաշտպանելու համար, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումներից, օբյեկտը կարող է ժամանակավորապես փոխանցվել արտաքին կառավարման։

Փաստաթղթում նշվում է, որ արտաքին կառավարումը կիրականացնի Պետական գույքի կառավարման դաշնային գործակալությունը կամ «նախագահի կարգադրությամբ որոշված» այլ կազմակերպություն։ Ժամանակավոր կառավարիչը կկարողանա կառավարել ընկերության շարժական և անշարժ գույքը, դրա արժեթղթերը և կանոնադրական կապիտալում բաժնեմասերը, ինչպես նաև իրականացնել սեփականության հետ կապված այլ իրավունքներ։

Կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների թվում են վառելիքաէներգետիկ համալիրի ձեռնարկությունները, արդյունաբերական ձեռնարկությունները, կապի օբյեկտները, հանրային կոմունալ ծառայությունները, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների օբյեկտները («ներառյալ տրանսպորտային և լոգիստիկ համալիրները», ինչպես հատուկ ընդգծվում է հրամանագրում) և այլ ձեռնարկություններ, որոնք հատկապես կարևոր են ձեռնարկության անվտանգության և գործունեության ապահովման համար։

Վերջերս ուկրաինական անօդաչուները ավելի հաճախ են հարձակվում Ռուսաստանում գործող ձեռնարկությունների, հիմնականում՝ նավթավերամշակման գործարանների և տրանսպորտային ու լոգիստիկ օբյեկտների, ինչպիսիք են պահեստները և շուկաները, նաև առցանց առևտրի խոշոր հարթակներ Wildberries-ի և Ozon-ի պահեստները: Գործող օրենսդրության համաձայն՝ ձեռնարկությունները պետք է ապահովեն իրենց սեփական անվտանգությունը կամ ներգրավեն մասնավոր ընկերություններ:

XS
SM
MD
LG