Օգոստոսի 17-ի գիշերը ռուսական բանակը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 128 անօդաչու թռչող սարք, որոնցից ուկրաինական ուժերը խոցել կամ չեզոքացրել են 106-ը, հաղորդում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը:
Սումիում երեկ երեկոյան ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ:
Ուկրաինական հրթիռային հարվածների հետևանքով Ռուսաստանի Բելգորոդի մարզում վեց մարդ զոհվել է, ևս չորսը վիրավորվել են, այդ թվում՝ մեկ երեխա, այսօր հայտնել են տեղի իշխանությունները:
Հակամարտող երկրները զգալիորեն ակտիվացրել են հրթիռային հարձակումները՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը հասցնելով 2022 թվականի պատերազմի առաջին ամիսներից ի վեր ամենաբարձր մակարդակին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ այդ հարվածները, ինչպես նաև նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, նպատակ ունեն թուլացնելու Ռուսաստանի ռազմական տնտեսությունը։
Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության տվյալների՝ միայն հուլիսին Ուկրաինայում զոհվել է 437 խաղաղ բնակիչ, ինչը 2022 թվականի մայիսից ի վեր ամսական կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է:
Ռուսաստանի իշխանությունները հայտնել են, որ հուլիսին իրենց տարածքում զոհվել է 79 խաղաղ բնակիչ՝ նախորդ ամսվա համեմատությամբ աճ գրանցելով։
Այսօր հաղորդվել է նաև, որ Ռուսաստանի հարավային Աստրախանի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով կին է զոհվել:
Նահանգապետի խոսքով՝ հարձակման թիրախում արդյունաբերական օբյեկտ է եղել։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։