Լիտվայի արտգործնախարար Կեշտուտիս Բուդրիսը մեղադրել է ռուսական կողմին՝ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառմամբ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ուղղությունը միտումնավոր փոխելու և դրանք դեպի Բալթյան երկրներ ուղղորդելու մեջ։ Նախարարի խոսքերը փոխանցել է Լիտվայի ազգային ռադիո և հեռուստատեսությունը։
«Մենք տեսնում ենք անօդաչուները Բալթյան երկրներ ուղղորդելու գիտակցված փորձեր, իսկ հետո՝ քարոզչական հաղորդագրությունների և կեղծ մեղադրանքների տարածում այն մասին, թե Բալթյան երկրները մասնակցում են Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների դեմ հարձակումներին», նշել է Բուդրիսը։
Վերջին շրջանում Լիտվայում, ինչպես նաև Էստոնիայում և Լատվիայում, ընկել են մի քանի ԱԹՍ-ներ։ Անօդաչուների սպառնալիքի պատճառով չորեքշաբթի առավոտյան Լիտվայի արևելքում օդային տագնապ էր հայտարարվել։
Բուդրիսի խոսքով՝ նման միջադեպերը Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի և Բելառուսի մասնակցության անմիջական հետևանքն են։
Մայիսի սկզբից առնվազն չորս անօդաչու սարք է ներթափանցել Լատվիայի և Էստոնիայի օդային տարածք։
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը մայիսի 19-ին հայտարարել էր, թե Ուկրաինան Լատվիայի տարածքից Ռուսաստանի դեմ հարվածներ է նախապատրաստում։
Ավելի վաղ Մոսկվայում հնչել էին մեղադրանքներ Բալթյան երկրների, այդ թվում՝ Լատվիայի և Էստոնիայի հասցեին, թե իբր նրանք ուկրաինական անօդաչուներին թույլ են տվել իրենց տարածքով թռչել՝ Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար։