Ռուսաստանի արդարադատության նախարարությունը համալրել է «օտարերկրյա գործակալների» ցանկը՝ դրանում ներառելով նաև երկու լրագրողի և «Մեդիազոնա» լրատվամիջոցը: Ընդ որում՝ «Մեդիազոնա»-ն այս ցանկում է հայտնվում երկրորդ անգամ:
Ցուցակում ներառված լրագրողներն են վավերագրական ֆիլմարտադրող Իգոր Սադրեևը և Նատալյա Կիսելևան: Ցանկում են հայտնվել նաև կիբեռանվտանգության մասնագետ և իրավապաշտպան գործունեություն ծավալող «Կրասնայա կնոպկա» նախագծի հիմնադիր Ալեքսանդր Լիտրեևը, ԼԳԲՏ ակտիվիստ Միլոսլավ Չեմոդանովը և քաղաքագետ և «Խրոնիկի» նախագծի հետազոտող Վսեվոլոդ Բեդերսոնը։
«Մեդիազոնա»-ն, որը գրում է Ռուսաստանում քաղաքական բռնաճնշումների մասին և BBC-ի ռուսական ծառայության հետ համատեղ ուկրաինական պատերազմում ռուսական բանակի կորուստների անկախ հաշվարկ է վարում, «օտարերկրյա գործակալների» ցանկում առաջին անգամ հայտնվել էր 2021-ին: Ավելի ուշ «Մեդիազոնա»-ն հիմնադրած «ԶՊ» ԲԲԸ-ն լուծարվեց, ինչից հետո Արդարադատության նախարարությունը «Մեդիազոնա»-ն հանեց ցանկից:
2012-ին ընդունված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Արդարադատության նախարարությանը թույլ է տալիս ոչ առևտրային կազմակերպությունները ճանաչել որպես «օտարերկրյա գործակալներ», եթե, ըստ Ռուսաստանի իշխանությունների, նրանք ֆինանսավորում են ստանում արտասահմանից և զբաղվում են քաղաքական գործունեությամբ։
Արդյունքում հետագայում հնարավոր դարձավ «օտարերկրյա գործակալներ» անվանել նաև լրատվամիջոցներին և անհատներին, այդ թվում՝ նրանց, ովքեր չեն ստանում օտարերկրյա ֆինանսավորում, բայց գտնվում են «օտարերկրյա ազդեցության տակ»։ Ռուսաստանի օրենսդրությունը չի նշում, թե կոնկրետ ինչն է համարվում օտարերկրյա ազդեցություն։ Որպես կանոն՝ այս ցանկում են հայտնվում նրանք, ովքեր դեմ են Ուկրաինայում պատերազմին:
Արդարադատության նախարարության ռեեստրում ներկայումս ավելի քան 1200 անհատ և կազմակերպություն է գրանցված որպես «օտարերկրյա գործակալ»: