Մատչելիության հղումներ

Պուտինն ընդունել և երջանկություն է մաղթել ամուսնության պատրաստվող Կադիրովի 17-ամյա որդուն


Ալի Կադիրովը և Վլադիմիր Պուտինը, Կրեմլ, Մոսկվա, 8 հունիսի, 2024թ.
Ալի Կադիրովը և Վլադիմիր Պուտինը, Կրեմլ, Մոսկվա, 8 հունիսի, 2024թ.

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ իր 17-ամյա որդին՝ Ալի Կադիրովն առաջիկայում կամուսնանա: Հարսանիքից առաջ տղային ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Կադիրովն այս հանդիպումից լուսանկարներ է հրապարակել սոցցանցերում։

«Ընկերնե՛ր, Չեչնիայի Հանրապետության առաջին նախագահ, Ռուսաստանի հերոս Ախմաթ-Հաջի Կադիրովի թոռան՝ Ալի Կադիրովի կյանքում տեղի ունեցավ կարևոր և անմոռանալի իրադարձություն։ Նրան անձնական հանդիպման էր հրավիրել մեր հարգարժան ազգային առաջնորդ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը։ Մեր նախագահը շնորհավորել է Ալիին գալիք ամուսնության կապակցությամբ, պատմել է նրա պապ Ախմաթ-Հաջիի մասին»,- սոցցանցում գրել է Ռամզան Կադիրովը:

Նրա փոխանցմամբ, Պուտինն իմաստուն և կարևոր խորհուրդներ է տվել Ալիին առ այն, թե ինչպես պետք է օգտակար դառնալ մեծ երկրին, թե ինչ կարևոր դեր են խաղում Ռուսաստանի ապագայի համար յուրաքանչյուր շրջանի խելացի, ակտիվ և հայրենասեր երիտասարդները, ներառյալ Չեչնիայի Հանրապետությունում:

Նա ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ «գերագույն գլխավոր հրամանատարի ցուցումների և հրամանների կատարումը, որոնք ուղղված են բարեկեցության և անվտանգության բարելավմանը, մեր առաջնահերթ խնդիրն ու պարտականությունն է ապագա սերնդի հանդեպ», և վստահեցրել, որ բոլոր հրամանները կկատարվեն։

2023 թվականին Պուտինը հաջողություն է մաղթել նաև Ռամզան Կադիրովի ավագ որդուն՝ 17-ամյա Ախմաթին՝ նրա հարսանիքի նախօրեին:

Այդ մի որդին հիմա ղեկավարում է Չեչնիայի սպորտի նախարարությունը: Կադիրովի որդիների հարսնացուների անունները չեն հրապարակվել:

Չեչնիայում Ռամզան Կադիրովի գերդաստանի անդամները կարևոր պետական պաշտոններ են զբաղեցնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG