Մատչելիության հղումներ

Կիրանցից Երևան՝ մինչև մայիսի 9-ը. ակցիայի մասնակիցները քայլերթով շարժվում են մայրաքաղաք


Մոտավորապես ժամը 16-ին ակցիայի մասնակիցները Կիրանցից քայլերթով շարժվեցին: Նրանք Սարիգյուղի հատվածից ավտոմեքենաներ նստեցին՝ ուղևորվելով Հաղարծին: Նախատեսում են գիշերը հենց այնտեղ անցկացնել:

Ինչպես Կիրանցում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսը, նախատեսում են արդեն մայիսի 9-ն հասնել Երևան և այնտեղ շարունակել իրենց ակցիաները:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց, որ իր ժողովրդով գնա ուղղակի Երևան ու պատասխաններ պահանջի և պահանջը ձևակերպի, որ այս գործընթացը թե՛ այստեղ, թե՛ այլուր պետք է դադարեցվի», - ասաց Տավուշի թեմի առաջնորդը և նշեց. - «Էս շարժումը բնականից է առաջացել, բնական էլ գնում է»:

Քաղաքական ուժերից երթին մասնակցում են ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ինչպես նաև «Ժողովրդական համախմբում» կուսակցություն առաջնորդ Սուրեն Պետրոսյանը, որոնք արդեն օրեր շարունակ նաև թեմի առաջնորդի հետ են, Կիրանցում մասնակցել են բոլոր ակցիաներին:

Բագրատ Սրբազանն այսօր իր ելույթում նշեց, որ իրենց միացել են նաև այլ քաղաքական ուժեր՝ առանց այլ մանրամասներ հայտնելու: Նա շեշտեց, որ սա ոչ թե սևերի ու սպիտակների պայքար է, այլ իրենք հանդես են գալիս եռագույնով, այսինքն, այստեղ չկան կոնկրետ քաղաքական ուժեր, այլ շատերն են ցանկացել մասնակցել իրենց քայլերթին, ովքեր նպատակ ունեն ի վերջո կանգնեցնել սահմանազատման, իրենց համար անընդունելի, գործընթացը:

Կիրանցից ակցիայի մասնակցիների հեռանալուց հետո «Ազատությունը» զրուցել է բնակիչների հետ: Նրանք հստակ պատասխան չտվեցին՝ արդյո՞ք սա շարունակություն են համարում այն պայքարի, որն իրենք էին իրականցնում մոտ 10 օր: Գյուղացիները օրեր շարունակ փակել էին Իջևանի կողմից դեպի Կիրանց տանող ճանապարհը: Քայլերթի մասնակիցների թվում հիմնականում քաղաքական ուժեր են, արվեստի գործիչներ, 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներ:

Կիրանցում տեղակայված են թե՛ ոստիկաններ, թե՛ Ազգային անվտանգության ծառայության ծառայողները: Իրավապահները տեղակայվել են միայն Նոյեմբերյանի կողմից գյուղի սկզբնամասում, որտեղից մարդիկ մուտք են գործում իրենց այգիներ:

Երեկ բնակիչներից մեկին՝ Կարինե Ափինյանին արգելել են մոտենալ իր այգուն, սակայն այսօր որոշ ճշտումներից հետո ԱԱԾ ծառայողները նրա ամուսնուն՝ Ռաֆիկ Ափինյանին թույլատրեցին ճանապարհն արգելափակող մեքենաների արանքով մուտք գործել այգի:

Ոստիկանները միայն նշեցին, որ ուժեղացված հսկողությունը շարունակում են, որպեսզի հանկարծ ճանապարհները ցուցարարների կողմից չփակվեն:

XS
SM
MD
LG