Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հրամանագիր է ստորագրել, որով իտալական UniCredit խմբին թույլ է տրվել վերակազմակերպել իր ռուսական դուստր ձեռնարկությունը՝ UniCredit Bank-ը, և վաճառել իր բաժնետոմսերի 100%-ը, տեղեկացնում է «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» նախագիծը։
Փաստաթղթի համաձայն՝ UniCredit Bank-ից կարող է առանձնացվել նոր ընկերություն, որի բաժնետոմսերը կփոխանցվեն UniCredit-ին։ UniCredit Bank-ի բաժնետոմսերի 100%-ի վաճառքը նույնպես թույլատրված է։ Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանի իշխանությունների կողմից լրացուցիչ թույլտվություններ կամ հաստատումներ անհրաժեշտ չեն։
Իր ռուսական բիզնեսի վերակազմակերպման հնարավոր ծրագրի մասին UniCredit-ը հայտարարեց մայիսին: Խումբն առաջարկեց UniCredit Bank-ն առանձնացնել որպես նոր բանկ, որը կկատարի բացառապես եվրոյով և դոլարով միջազգային վճարումներ կորպորատիվ այն հաճախորդների համար, որոնք պատժամիջոցների տակ չեն: Մնացած բիզնեսը կփոխանցվի ԱՄԷ-ից անանուն ներդրողի:
Պուտինի հրամանագիրը թույլատրում է այս վերակազմակերպումը։ Առանց դրա գործարքը հնարավոր չէր լինի։ 2022 թվականից ի վեր, այսպես կոչված ոչ բարեկամական երկրների դեմ հատուկ միջոցառումների մասին հրամանագրի համաձայն, UniCredit Bank-ը ներառվել էր 45 բանկերի ցանկում, որոնց բաժնետոմսերի հետ կապված գործարքների համար հատուկ թույլտվություն է պահանջվում:
Կրեմլը և UniCredit-ը դեռևս չեն մեկնաբանել Պուտինի որոշումը։
UniCredit-ը եվրոպական այն քիչ բանկերից մեկն է, որը պահպանել է ներկայությունը Ռուսաստանում Ուկրաինա ռուսական զինուժի լայնածավալ ներխուժումից հետո: Ի պատասխան Ռուսաստանում իր գործունեությունը դադարեցնելու եվրոպական կարգավորող մարմինների պահանջների՝ խումբը նշել է, որը ռուսական շուկայից դուրս գալն անհնարին է առանց Մոսկվայի թույլտվության: Ամեն դեպքում, վերակազմակերպման ընթացքում խումբը կկրի ֆինանսական կորուստներ, որոնք գնահատվում են մոտ 3-3,3 միլիարդ եվրո:
Սեպտեմբերի 17-ին Վլադիմիր Պուտինը մեկ այլ հրամանագիր էր ստորագրել, որով ժամանակավորապես արտաքին կառավարման են փոխանցվել խոշորագույն սննդամթերք արտադրող Nestlé (Շվեյցարիա), ֆրանսիական Auchan հիպերմարկետների ցանցի ռուսական դուստր ձեռնարկության, գերմանական Metro ընկերության և մի շարք այլ կազմակերպությունների ռուսական ակտիվները։