Ռուս բլոգեր Իլյա Ռեմեսլոն, որը քննադատել էր նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայում պատերազմը, ձերբակալվել է «զինված ուժերի մասին կեղծ տեղեկություններ տարածելու» կասկածանքով, հաղորդում է ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը։
Ռեմեսլոն, որը նախկինում համարվում էր կառավարամետ գործիչ, 2026 թվականի մարտին կտրուկ փոխեց իր դիրքորոշումը և սկսեց քննադատել Պուտինին։ Նա սոցիալական ցանցերում հրապարակել էր մի մանիֆեստ, որը լայն տարածում էր ստացել։ Այն վերնագրված էր՝ «Հինգ պատճառ, թե ինչու ես դադարեցի աջակցել Վլադիմիր Պուտինին»։
ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով իրավապահ մարմիններին, հայտնել է, որ Ռեմեսլոյին կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում։
Ռեմեսլոյի հրապարակած մանիֆեստում նա դատապարտում էր Ուկրաինայի դեմ պատերազմը, խոսքի ազատության սահմանափակումները, և կոչ էր անում Պուտինին հրաժարվել Ռուսաստանի ղեկավարի պաշտոնից ու կանգնել դատարանի առաջ։
Մանիֆեստի հրապարակումից մի քանի օր անց Ռեմեսլոյին տեղափոխել են Սանկտ Պետերբուրգի հոգեբուժարան։
Նրա հոսպիտալացման հանգամանքները դեռևս պարզ չեն, և հայտնի չէ՝ նրան այնտեղ տեղափոխել են իր համաձայնությա՞մբ, թե՞ հարկադրաբար։ Մոտ մեկ ամիս անց Ռեմեսլոն դուրս է գրվել հիվանդանոցից։ «Բարձրաստիճան պաշտոնյաների կոշտ քննադատությունն իր գինն ունի՝ հիշե՛ք դա», - հոգեբուժարանից դուրս գրվելուց հետո ասել է նա։
Նրա մայրը հաստատել է որդու ձերբակալման մասին լուրը, սակյան նշել է, որ մանրամասներ և, որ որդու հետ չի խոսել հոգեբուժարանից դուրս գրվելուց ի վեր։