Մատչելիության հղումներ

Փոսեր, հարկեր և քաղաքական հայտարարություններ․ Գյումրիի ավագանու նիստը

Գյումրիի ավագանու նիստն այսօր հանգիստ էր անցնում մինչև այն պահը, երբ «Քաղաքացիական պայմանագրից» Վահան Դավթյանը թվարկեց քաղաքի խնդիրներն ու Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրած ուժերին հարցրեց, թե արդյոք գոհ են քաղաքի կառավարումից:

«Ժամանակն է տալ հստակ քաղաքական գնահատական, ընդունել ձախողումները», - ասաց նա:

Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հիշեցրին, որ ոչ վաղ անցյալում ՔՊ-ն կոալիցիոն կառավարմամբ քաղաքային իշխանություն է եղել, ու ավագանու անդամի թվարկած խնդիրները կարող էին իրենք լուծել ժամանակին:

Կոռուպցիոն մեղադրանքով անցած հոկտեմբերին կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին փոխարինող Ավետիս Առաքելյանն ավելի կոշտ արձագանքեց, թե չնայած խոչընդոտներին՝ քաղաքի կառավարման ճգնաժամ չկա և չի լինի. «Բոլորիս գաղափարախոսությունը, նպատակը մեկն է, որ քաղաքը չկառավարի ՔՊ խմբակցությունը, չի կառավարել ու չի կառավարելու, և քաղաքում քաղաքական ճգնաժամ չկա, և դա կփաստի հունիսի 7-ը»:

Ավետիս Առաքելյանի անունը ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» հրապարակած նախնական ընտրացուցակում է: Փոխքաղաքապետը պնդեց, թե ցուցակը վերջնական չէ, դեռ բանակցում են: Հարցին, թե արդյոք ընդդիմադիր ուժի ցուցակում հայտնվելը լրացուցիչ խոչընդոտների չի՞ հանգեցնի քաղաքի կառավարման հարցում, մտավախություններ չունի՞, պատասխանեց. «Եթե այդ ամեն ինչը մեզ մտահոգեր, մենք հոկտեմբերի 20-ից հետո այլ դիրքորոշում կընտրեինք, բայց մենք չենք փոխել»:

Նիստում բավականին թեժ քննարկում ծավալվեց ավտոմեքենաների գույքահարկի տույժերը զիջելու հարցի շուրջ: ՔՊ խմբակցությունից Էդգար Բաղդասարյանը պնդեց՝ թանկարժեք մեքենաներ են, բայց սեփականատերերը գույքահարկի տույժի զիջման դիմում են գրել, որը պետք է մերժել: Նիստին ներկա դիմումատու քաղաքացին պնդեց, որ մեքենան խոտանման է ենթակա, մայր գումարը վճարել են, տույժերն ի վիճակի չեն: ՔՊ-ից Վահագն Մկրտչյանն ասաց՝ վատ նախադեպ են ստեղծում: Որոշվեց, որ այսուհետ նման որոշման նախագծեր ներկայացնելուց նաև մեքենայի վերաբերյալ հատուկ գնահատողի կողմից տեղեկանք ներկայացվի:

Նիստում Գյումրիում ամենաշատը քննարկվող փոսերից էլ հարց եղավ: Ինչո՞ւ օրինակ՝ Բագրատունյաց պուրակի հարակից փողոցներում փոսային նորոգման համար համապատասխան կտրատումներն արվել են, բայց 15 օր է՝ չեն ասֆալտապատում: Փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն պնդեց՝ մեղքը ոչ թե իրենցն է, այլ կառավարությանը:

«Մինչև այսօր՝ 10 օրից ավելի, կանգնեցված են այդ աշխատանքները, խայտառակ վիճակ է ստեղծվել, վարորդները բողոքում են: Ի լուր բոլոր գյումրեցիների՝ քաղաքապետարանի կողմից չեն դադարեցվել աշխատանքները, դադարեցվել են կառավարության կողմից», - նշեց նա:

Գյումրիում նորակառույց փողոցներում տարեցտարի ավելանում են կարկատանները, հետևաբար այդ փողոցները շուտով նորից նորոգման կարիք կունենան, իսկ սա այն դեպքում, երբ բազմաթիվ երկրորդական փողոցներ տասնամյակներով ցեխի մեջ են: Նման 60-70 կմ ճանապարհ կա Գյումրիում, որոնց վրա ասֆալտի նշույլներն արդեն չեն էլ երևում:

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG