Մատչելիության հղումներ

«Փորձ է արվում շուրջ 80 հազար ընտրող բերել՝ 100 հազար ռուբլի ընտրակաշառքով». հաղորդում ФСБ-ի դեմ

«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող, «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյան, արխիվ
«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող, «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյան, արխիվ

Ռուսաստանը Հայաստանում ծրագրում է իշխանափոխություն իրականացնել և այդ նպատակով ФСБ-ի՝ Անվտանգության դաշնային ծառայության միջոցով ճնշում գործադրելով հայ գործարարների վրա, փորձում է Ռուսաստանից շուրջ 80 հազար ընտրող բերել Հայաստան՝ հոգալով նրանց տեղափոխման ծախսերը, ինչպես նաև 100 հազար ռուբլի ընտրակաշառք է խոստանում, «Ազատության» հետ զրույցում պնդեց «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը։

Հասարակական կազմակերպությունն այսօր արդեն իսկ այդ հիմքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ ընդդեմ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության։

«Ազատություն». - Ասում եք, որ դուք էլ ունեք այդ տվյալները, որ բիզնեսների նկատմամբ պարտադրանք կա: Պարտադրանք, որ ի՞նչ անեն բիզնեսմենները, կբացե՞ք փակագծերը։

Իոաննիսյան. - Ֆինանսական աջակցություն ցուցաբերեն Ռուսաստանում ընտրողների մոբիլիզացիայի և ընտրողների Հայաստան տեղափոխելու հարցում։

«Ազատություն».- Այսինքն, որ տոմսեր գնեն...

Իոաննիսյան. - Միայն ավիատոմսեր չեն, այնտեղ նաև մի մասին պլանավորում են ցամաքով բերել։ Մոտիկ շրջաններից, օրինակ՝ Կրասնոդար և այլն, մտադիր են ցամաքով բերել։

«Ազատություն». - Եվ Ռուսաստանը Հայաստանի քաղաքացի, հայազգի ընտրողներին ուզում է մոբիլիզացնել, ուղարկել Հայաստան, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին և թույլ չտան, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի՞, թե՞ կոնկրետ ինչ-որ մի ուժ հաղթի։

Իոաննիսյան. - Մեր ունեցած տեղեկություններով՝ կոնկրետ ուժի հաղթանակի վրա են իրենք աշխատում: Բայց դրա ապացույցները մենք ձեռք բերելուն պես անպայման կհրապարակենք։

«Ազատություն». - Այսինքն՝ դեռ չունեք կոնկրետ փաստական տվյալներ, թե որ ուժի համար է փորձում Ռուսաստանի Դաշնությունը աշխատել։

Իոաննիսյան. - Մենք ունենք փաստական տվյալներ, բայց ես ուզում եմ դա հրապարակելու պահին ունենալ երկաթբետոնյա ապացույցներ դրա մասին։

«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգողը պնդում է, թե ФСБ-ն փորձ է անում մի քանի տասնյակ հազար ընտրողներ բերել Հայաստան, և քանի որ այդ քանակով մարդիկ կարճ ժամանակահատվածում չեն կարող հատել թե՛ օդային և թե՛ ցամաքային սահմանը, ապա այդ ամենը պետք է կազմակերպվի երկուսից երեք շաբաթների ընթացքում։ Ընդ որում, Իոաննիսյանն ասում է, թե Ռուսաստանում մոբիլիզացվում են այն քաղաքացիները, ովքեր Հայաստանում մնալու տեղ ունեն, այսինքն՝ նրանց կեցության ծախսերը չեն հոգալու, փոխարենը առաջարկվում է մեծ չափի ընտրակաշառք։

Իոաննիսյան. - Դե այս պահին քննարկումը գնում է 100 հազար ռուբլի ընտրակաշառքի մասին։

«Ազատություն». - Իսկ կա՞ն տվյալներ, թե որքան մարդկանց մասին է խոսքը, մեր որքան հայրենակիցների մասին է խոսքը։

Իոաննիսյան. - Դե ինչ-որ սենց բան, որ քննարկվում է, դա 80 հազարի կարգի մասին է խոսքը՝ միայն Ռուսաստանից։

«Անկախ դիտորդ»-ն ավելի շուտ էր իմացել

Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ Ռուսաստանի կողմից կազմակերպվող այս գործընթացի վերաբերյալ «Անկախ դիտորդ»-ը ավելի շուտ էր իմացել, և մտադիր էին ապացույցներ հավաքել: Բայց երբ Արտաքին հետախուզական ծառայության երեկվա հրապարակումից հետո հարցը դարձավ հրապարակային, հետևաբար՝ իրենք էլ որոշեցին այդ մասին բարձրաձայնել։

Իոաննիսյան. - Մենք մոտ մի ամիս առաջ արդեն տարբեր աղբյուրներից ունեինք տեղեկություններ, որ Ռուսաստանում բիզնեսմենների մոբիլիզացիա է տեղի ունենում Անվտանգության դաշնային ծառայության՝ ФСБ-ի կողմից: Մենք տեսնում էինք, որ նաև ընտրողների մոբիլիզացիայի նախապատրաստում է գնում։

«Ազատություն». - Ինչպե՞ս էիք դա տեսնում։

Իոաննիսյան. - Տարբեր աղբյուրներից տարբեր ինֆորմացիաները հավաքելով, համադրելով։ Ռուսաստանը մեծ է, հայերը շատ են, մեր աղբյուրներն էլ հետը։

«Ազատություն». - Կներեք, ձեզ գրում էին հայազգի գործարարնե՞ր, հա՞, հենց «Անկախ դիտորդ»-ին կամ ձեզ, այդպե՞ս էիք հավաքագրում այդ ինֆորմացիան։

Իոաննիսյան. -Մենք դուրս ենք եկել տարբեր մարդկանց վրա, ովքեր այս կամ այն պատճառով հետաքրքրված են մեր հետ ինֆորմացիա կիսվելով։

«Ազատություն». - Այսինքն՝ այդ գործարարներն են անձամբ, ում նկատմամբ ФСБ-ն ճնշումներ է գործադրում, անձամբ ձեզ իրենք են դիմել, որ այդպիսի պրոցես է տեղի ունենում։

Իոաննիսյան. - Այդ թվում նաև, այո, կան գործարարներ, որոնք որ, որոնց հետ մենք կապի մեջ ենք եղել և իմացել ենք այդ պրոցեսները։

Իոաննիսյանն ասում է, որ իրենք ավելի շատ տեղեկություններ ունեն, քան Արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է, օրինակ, թե ինչպես են ընտրողներին պատրաստվում Հայաստանում դիմավորել և տեղափոխել։ Այդ նպատակով, ըստ հասարակական կազմակերպության ներկայացուցչի, Հայաստանում հունիս ամսվա համար բոլոր ավտոբուսներն արդեն ամրագրված են:

Իոաննիսյան. - Հունիսի սկիզբ, մայիսի վերջի համար եթե հիմա փորձեք ավտոբուս ամրագրել որևիցե ավտոբուսային ընկերությունից, հավանաբար դա ձեր մոտ չի ստացվի, որովհետև բոլոր ավտոբուսները արդեն ամրագրված են ընտրողներ տեղափոխելու համար՝ ընտրողներին դիմավորելու, ուղեկցելու, տանելու, բերելու։

«Ազատություն». - Բայց որտեղի՞ց ձեզ այդ վստահությունը, որ ընտրողների համար է, գուցե տուրիստական բում է սպասվում։

Իոաննիսյան. - Իսկ դուք փորձեք նույն հարցումը անել, ասենք, հունիսի վերջի համար և կտեսնեք, որ հունիսի վերջը, որը շատ ավելի տուրիստիկ սեզոն է, շատ ավելի ազատ են ավտոբուսային ընկերությունները, քան հունիսի սկզբին։

Արտաքին հետախուզական ծառայությունը երեկ հայտարարեց, թե ինչ-որ մի երկրում հայ գործարարներին ստիպում են ֆինանսապես աջակցել ընտրություններին մասնակցող ուժին: Թե որ երկրում են հայ բիզնեսմեններին ճնշում, ծառայությունն այդ մասին լռել էր։ Այդ հայտարարությունից հետո, սակայն, Ոստիկանությունը հաղորդում ուղարկեց Քննչական կոմիտե՝ ընտրական իրավունքին խոչընդոտելու հոդվածով։

«Անկախ դիտորդ»-ն այսօր Դատախազություն հաղորդում է ներկայացրել կուսակցություններին ֆինանսավորելուն պարտադրելու հոդվածով։ Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ այս երկու գործերը Քննչականում կմիավորվեն։

Իսկ ի՞նչ կարող են անել Դատախազությունը և Քննչականը ռուսական ФСБ-ի դեմ։ Ըստ Իոաննիսյանի, օրինակ, կարող են Հայաստանում ФСБ-ի գործողություններին աջակցողներին քրեական հետապնդման ենթարկել, կարող են Հայաստանի տարածքում հանցագործության խափանմանն ուղղված քայլեր անել, այն է՝ ընտրություններին ապօրինի միջամտությունը կանխել։

«Անկախ դիտորդ»-ը, որը հունիսի 7-ին կդիտարկի խորհրդարանական ընտրությունները, բավական լուրջ մեղադրանք է ներկայացնում Ռուսաստանի դեմ՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը ցանկանա իշխանափոխություն անել Հայաստանում և ինչու՞ դա չարեց, օրինակ, նախորդ ընտրություններում։

Դանիել Իոաննիսյանն ասում է, թե 2021-ին Ռուսաստանին թվում էր, թե Հայաստանը իր գրպանում է, իսկ հիմա իրավիճակ է փոխվել. - «Է՛լ Հռոմի ստատուտ ստորագրելը, է՛լ միջուկային էներգետիկայի հարցում Արևմուտքի հետ դիվերսիֆիկացնելը, է՛լ ցորենի ռուսական մոնոպոլիան կոտրելը, է՛լ հիմա թեմա է բացվում, որ երկաթուղուց պետք է ռուսական կոնցեսիան դուրս գա։ Եվ Ռուսաստանը տեսնում է, որ ինքը ազդեցության լծակները էապես կորցնում է, կորցնում, կորցնում, կորցնում է, և դա դա իրեն, մեղմ ասած, չի գոհացնում»։

Ե՞րբ ԿԸՀ-ն չի գրանցի կամ գրանցումից կզրկի որևէ ուժի

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան, արխիվ
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան, արխիվ

Արդյո՞ք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի գրանցի կամ կզրկի գրանցումից ընտրություններին մասնակցող այն ուժին, որն, ըստ Արտաքին հետախուզության ծառայության և Ոստիկանության, հարկադրում է այլ երկրում բնակվող հայազգի գործարարներին և քաղաքացիներին ֆինանսական ու կազմակերպչական աջակցություն ցուցաբերել։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր «Ազատությանն» ասաց՝ եթե քաղաքական ուժը գրանցումից հետո պարբերաբար խախտի ընտրական օրենսգիրքը, ապա այդ դեպքում կզրկվի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։

«Եթե որևէ կուսակցություն Հայաստանում գրանցվելուց հետո Ընտրական օրենսգրքի հետևողական կոպիտ շարունակական խախտումներ թույլ կտա, այդ դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է քննարկել այն հարցը, որ դիմի դատարան՝ տվյալ կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով», - ասաց Հովակիմյանը:

Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների առաջադրումը սկսվում է ապրիլի 13-ից։


XS
SM
MD
LG