Մատչելիության հղումներ

Պետությունը կսուբսիդավորի բնակարանների ձեռքբերումը 6 և ավելի երեխաներ ունեցողների համար

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ամբողջությամբ սուբսիդավորել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար անշարժ գույքի ձեռքբերումը, եթե այն գտնվում է մարզային բնակավայրերում։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է Կառավարության նոյեմբերի 5-ի նիստի օրակարգում։

6 անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի համար կառավարությունը կտրամադրի 4-ական միլիոն դրամ, իսկ եթե անշարժ գույքը ձեռք բերվի գյուղական բնակավայրում, ընտանիքը կստանա ևս 4 միլիոն դրամ հավելավճար։ Ըստ Աշխատանքի և բարեկեցության նախարարության հաշվարկների՝ եթե 1 քառակուսի մետր մակերեսի գինը մարզային բնակավայրերում կազմի 300 հազար դրամ, 6 երեխայի դեպքում նվազագույն բնակմակերեսը պետք է կազմի 80 քառակուսի մետր։ Ընդհանուր տան գինը, ըստ նախարարության, պիտի կազմի 24 մլն դրամ, ու հաշվի առնելով, որ 6 երեխաներից յուրաքանչյուրը ստանալու է 4-ական միլիոն դրամ, դա բավարար է, որ ամբողջական սուբսիդավորմամբ բնակարան ձեռք բերվի։

Աշխատանքի և բարեկեցության նախարարության տվյալներով՝ Հայաստանում կա 6 և ավելի անչափահաս ունեցող 643 ընտանիք։ Ակնկալվում է, որ առաջիկա 10 տարիներին այս ծրագրի շրջանակում Կառավարությունը կծախսի մոտ 32 մլրդ դրամ։



​
XS
SM
MD
LG