Եռօրյա այցով ԱՄՆ-ում գտնվող Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և նրա տիկնոջ պատվին Սպիտակ տանը պետական ընթրիք է տրվել: Հյուրերին Դոնալդ Թրամփը առաջին տիկնոջ հետ անձամբ է դիմավորել մուտքի մոտ:
Իր կարճ ելույթում Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը ներկայացնում են տարբեր համակարգեր, բայց երկու ժողովուրդների միջև կապերը երկարատև են: Ու չնայած մաքսատուրքերի և մի շարք այլ հարցերի շուրջ Վաշինգտոնի ու Պեկինի միջև լարվածությանը՝ Թրամփը պնդել է՝ երկու երկրները երբեք այսքան լավ չեն շփվել միմյանց հետ:
«Ամերիկացիներն ու չինացիները միշտ փոխանակվել են ապրանքներով, գիտելիքներով, սովորույթներով և գաղափարներով։ Սա մեր երկրների միջև առևտրի և փոխադարձ հարգանքի հիմքն է եղել, և միասին մենք կարող ենք շարունակել կառուցել հարաբերություններ, որոնք կնպաստեն բարգավաճմանը և անվտանգությանը ապագա սերունդների համար»,- ասել է Դոնալդ Թրամփը։
Ապա Սպիտակ տան ղեկավարը չին գործընկերողջը սպիտակագլուխ արծիվ է նվիրել, որն ԱՄՆ ազգային խորհրդանիշն է, և բաժակ է բարձրացրել հյուրերի պատվին և հանուն երկարատև հարաբերությունների:
Հարաբերվելու նոր մոտեցումներ
Չինաստանի առաջնորդն իր հերթին ասել է, որ անցյալի վերաիմաստավորումը նոր հեռանկարներ է բացում երկու երկրների համար, որոնք, ըստ նրա, այսօր հասել են երկկողմ հարաբերությունների ևս մեկ պատմական շրջադարձային կետի։ Սի Ծինփինը նաև ասել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը պետք է միմյանց հետ հարաբերվելու նոր մոտեցումներ գտնեն:
«Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է գործեն որպես պատասխանատու գերտերություններ՝ մեր ժողովուրդների սպասելիքները բավարարելու, մեր ժամանակների միտումներին համընթաց քայլելու և գերտերությունների միջև փոխգործակցության նոր մոտեցումներ փնտրելու համար»,- ասել է Սի Ծինփինը:
Պետական ընթրիքին մասնակցում էին նաև տեխնոլոգիական խոշոր ընկերությունների՝ Tesla-ի, Apple-ի, OpenAI-ի և Nvidia-ի ղեկավարները՝ Թրամփի և Ծինփինի հետ նույն սեղանին: Ընդորում, CNN-ի, MS Now-ի և Politico-ի լրագրողներին թույլ չի տրվել լուսաբանել ընթրիքը՝ չնայած դատավորի որոշմանը, որ Սպիտակ տուն նրանց մուտքի արգելքը պետք է վերացվի:
Կնճռոտ հարցեր
Երեկ էին ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները բանակցել: Երկու երկրների հարաբերություններում մի շարք կնճռոտ հարցեր կան՝ առևտրային պատերազմ, մրցապայքար չիպերի ոլորտում, Թայվանին ամերիկյան օգնության հարցը, ինչին դեմ է Պեկինը, և այլն:
BBC-ն գրում է, որ թեև Չինաստանի առաջնորդը շատ ջերմ ընդունելության արժանացավ, այդուհանդերձ, նա չի ստացել այն ամենը, ինչ ցանկանում էր: Առևտրային պատերազմը դադարեցնելու նպատակով կնքված հրադադարը երեկ երկարաձգվեց ընդամենը մինչև հունվար։ Մինչդեռ Պեկինը հույս ուներ այն երկարաձգել առնվազն մեկ տարի:
Սա, ըստ գործակալության, նշանակում է, որ մաքսատուրքերի, հազվագյուտ մետաղների մատակարարման ոլորտում Չինաստանի գերիշխանության և ամերիկյան առաջադեմ չիպերի հասանելիության շուրջ հիմնական վեճերը տեղափոխվում են բանակցությունների հաջորդ փուլ։
Սի Ծինփինն ավելի վաղ Թրամփին զգուշացրել էր՝ Թայվանին զենքի վաճառքը Չինաստանի համար կարմիր գիծ է և այս հարցի սխալ լուծումը կարող է հանգեցնել «բախման կամ նույնիսկ հակամարտության»։ Դրանից հետո Թրամփը հետաձգել էր Թայվանին 14 միլիարդ դոլարի զենքի փաթեթի հաստատումը: Երեկվա բանակցություններից հետո Ծինփինը կրկին հույս հայտնեց, որ ԱՄՆ-ն կպահպանի Թայվանի անկախությանը դեմ լինելու «ճիշտ դիրքորոշումը»։
Պատասխան պահանջել Չինաստանից
Ու մինչ հայտնի չէ, թե ուրիշ ինչ հարցեր են քննարկվել, ամերիկացի օրենսդիրներն ու անվտանգության հարցերով փորձագետները Թրամփին կոչ են արել ավելի խիստ միջոցներ ձեռնարկել չինական ընկերությունների դեմ, որոնք Իրանին օգնել են պատժամիջոցները շրջանցելու հարցում:
Միսիսիպիից հանրապետական սենատոր Ռոջեր Ուիքերը Սի Ծինփիի այցի առաջին օրը հայտարարել է, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Չինաստանը հետախուզական տվյալներ է տրամադրել Իրանին, որը դրանք կիրառելով հարվածել է Պարսից ծոցում ամերիկյան ռազմաբազաներին՝ սպանելով ամերիկացիների: «Ես անպայման կառաջարկեի, որ նախագահը փորձի պատասխան ստանալ այդ հարցին»,- ասել է նա: