Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Ուկրաինայի հարցում Ալիևի տեսակետը սխալ է»

2026թ. ապրիլի 25-ին հրապարակված լուսանկարում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Գաբալայում կայացած հանդիպման ժամանակ։
2026թ. ապրիլի 25-ին հրապարակված լուսանկարում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Գաբալայում կայացած հանդիպման ժամանակ։

«Ուկրաինայի հարցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տեսակետը սխալ է»,- այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ղեկավարի նախօրեին հնչեցրած հայտարարությունները։

Հուլիսի 13-ին Շուշիում ընթացող Գլոբալ Մեդիաֆորումի ընթացքում Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Բաքուն «անվերապահորեն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»։ Ալիևը նաև կոչ էր արել պաշտոնական Կիևին՝ «չհամակերպվել ուկրաինական հողերի օկուպացիայի հետ»։

«Գոյություն ունեն մի շարք պետություններ, որոնց հետ թեև մենք շատ սերտ հարաբերություններ ունենք, բայց նրանք նման տեսակետ են որդեգրել։ Մենք այդ մոտեցման հետ կտրականապես համաձայն չենք, և դա տարակարծությունների տեղիք է տալիս»,- նշել է Պեսկովը՝ հավելելով, սակայն, որ առկա տարաձայնությունները «չպետք է ստվերեն երկկողմ ռուս-ադրբեջանական հարաբերությունները»։

«Մենք բոլոր խողովակներով հետևողականորեն և հիմնավորված ձևով կբացատրենք, թե ինչու ենք [Ալիևի մոտեցումները] սխալ համարում»,- ընդգծել է Պեսկովը։


XS
SM
MD
LG