Մատչելիության հղումներ

Պավել Դուրովին մեղադրանք առաջադրվեց

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրով, արխիվ
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրով, արխիվ

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն ազատ է արձակվում 5 միլիոն եվրո գրավի դիմաց՝ առանց Ֆրանսիայի տարածքը լքելու իրավունքի։ Երեկ ուշ երեկոյան նման որոշում կայացրեց Փարիզի դատարանը՝ Telegram-ի ղեկավարին նաև պարտավորեցնելով շաբաթը երկու անգամ անձամբ ներկայանալ ոստիկանություն։

Ֆրանսիական դատախազությունը երեկ՝ Դուրովի նախնական կալանքի ժամկետի ավարտից հաշվված ժամեր առաջ, նրան ի վերջո պաշտոնական մեղադրանք առաջադրեց՝ պնդելով, թե Telegram-ի հիմնադիրը հրաժարվել է իրավապահներին տրամադրել ծանր հանցագործությունների հետաքննության համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ներքաշված է եղել կիբերհանցագործությունների և փողերի լվացման մեջ։ Ընդհանուր առմամբ ֆրանսիացի քննիչները Դուրովին 6 տարբեր հանցագործությունների մեջ են կասկածում։

Դուրովը դատարանի շենքը լքեց երեկ երեկոյան՝ չցանկանալով պատասխանել այստեղ հավաքված ռուս և ֆրանսիացի լրագրողների հարցերին։

Փոխարենը, ֆրանսիական լրատվամիջոցների հետ էր խոսել Telegram-ի հիմնադրի փաստաբանական թիմի անդամ Դավիդ-Օլիվյե Կամինսկին՝ պնդելով, թե իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքները կատարելապես հիմնազուրկ են։

«Նախևառաջ պետք է նշեմ, որ Telegram-ը կատարում է թվային ասպարեզում Եվրամիության կողմից սահմանված բոլոր պահանջները, և դրա կառավարումն իրականացվում է այնպես, ինչպես մյուս բոլոր սոցիալական ցանցերի դեպքում։ Բացի այդ, կատարյալ աբսուրդ են այն պնդումները, թե սոցիալական ցանցի ղեկավարը կարող է ներքաշված լինել հանցագործություններում, որոնց ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի առնչություն չի ունեցել», - նշում էր փաստաբանը։

Financial Times-ի տեղեկություններով՝ Պավել Դուրովի պաշտպանների պնդումները համոզիչ չեն թվում ոչ միայն ֆրանսիական իշխանություններին, այլև՝ ԵՄ ղեկավարությանը։

Financial Times-ի տեղեկություններով՝ Դուրովի դեմ ֆրանսիական նախաքննությանը զուգահեռ իր հետաքննությունն է սկսել նաև Եվրոպական հանձնաժողովը։ Բրյուսելում լուրջ կասկածներ ունեն, որ Теlegram-ը կարգավորող մարմիններին ներկայացրած իր հաշվետվություններում միտումնավոր կերպով նվազեցրել է ԵՄ տարածքում գտնվող իր օգտատերերի թիվը։ Փետրվարին, ըստ Financial Times-ի, Դուրովի ղեկավարած կառույցը հայտարարել է, որ ԵՄ երկրներում հարթակի օգտատերերի թիվը չի գերազանցում 45 միլիոնը։ Եվրոպական աղբյուրների պնդմամբ, սակայն, չի բացառվում, որ այդ թիվն ավելի մեծ է, և Telegram-ն այն նվազեցրել է, քանի որ ԵՄ թվային ոլորտի կարգավորումների համաձայն հենց 45 միլիոնից ավելի օգտատեր ունեցող ցանցերին է, որ շատ ավելի խիստ պահանջներ են ներկայացվում։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG