Մատչելիության հղումներ

Պատերազմի հանցագործ Մլադիչին Բելգրադում հուղարկավորել են պետական պատիվներով

Սերբիա - Ռատկո Մլադիչի հուղարկավորությունը, Բելգրադ, 7-ը սեպտեմբերի, 2026թ.
Սերբիա - Ռատկո Մլադիչի հուղարկավորությունը, Բելգրադ, 7-ը սեպտեմբերի, 2026թ.

Բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչին, ով Հաագայի տրիբունալի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտված Բոսնիա և Հերցեգովինայում պատերազմական հանցագործությունների համար, Սերբիայի մայրաքաղաքում այսօր հուղարկավորել են պետական պատիվներով՝ չնայած միջազգային զգուշացումներին:

Սերբիայի պետական պաշտոնյաների, բանակի ներկայացուցիչների և Բոսնիա-Հերցեգովինայի Սերբական Հանրապետության ղեկավարության ներկայությամբ կայացած արարողության ժամանակ Բելգրադի գերեզմանատանը հավաքված բազմությունից շատերը վանկարկել են Մլադիչի անունը և ծափահարություններով դիմավորել նրա դագաղը:

Մլադիչը մահացավ օգոստոսի 27-ին կյանքի 85-րդ տարում Հաագայում, որտեղ ցկյանս ազատազրկված էր ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների համար:

Բելգրադի Սուրբ Ղուկաս եկեղեցում հոգեհանգստյան արարողության ժամանակ Սերբ ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պորֆիրիյը հայտարարել է, որ Մլադիչի անունը «կմնա սերբ և ուղղափառ ժողովրդի մեծամասնության հիշողության մեջ և աղոթքներում»: Աղոթք է կատարվել, որ «գեներալ Ռատկոյին ներվեն իր միտումնավոր և ակամա մեղքերը», դագաղը հսկել է սերբական բանակի պատվո պահակախումբը:

Չնայած Միացյալ Նահանգներից և Եվրամիությունից հնչած զգուշացումներին, որ դատապարտված պատերազմական հանցագործին փառաբանելն անընդունելի է, Մլադիչին պատվի են արժանացել բազմաթիվ պաշտոնյաներ Սերբիայից, Բոսնիա և Հերցեգովինայի Սերբական Հանրապետությունից և Չեռնոգորիայից, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Բալկանյան ծառայությունը:

Ռատկո Մլադիչը, որին հաճախ անվանում են «Բոսնիայի դահիճ», 1992-1996 թվականներին ղեկավարել է բոսնիացի սերբերի բանակի գլխավոր շտաբը և Բոսնիայի պատերազմի ընթացքում եղել է սերբական ուժերի առանցքային հրամանատարներից մեկը։

Մլադիչի նկատմամբ մեղադրանքներից առանցքայինը վերաբերում էր 1995 թվականի Սրեբրենիցայի կոտորածին, որի ընթացքում սպանվել են ավելի քան 8 հազար բոսնիացի մահմեդական տղամարդիկ և տղաներ։



XS
SM
MD
LG