Փնտրտուքներից հետո վարորդներն այսօր հեղուկ գազ գտան Երևանի Նոր Նորքի լցակայաններից մեկում: 270 դրամի հասած գինը թեև բարձր է, սակայն հարևանությամբ գտնվող լցակայաններում հեղուկ գազ ընդհանրապես չկա, իսկ այստեղ հերթերը տասնյակ մետրերով էին ձգվում:
«Պատահական անցել եմ, գտել, մնացած տեղերը չկա, չկա ընդհանրապես, սաղ տեղերը նայել եմ ես համարյա, մենակ ստեղ էր», - «Ազատությանն» ասաց վարորդներից մեկը:
Հայաստանում անցած շաբաթվանից հեղուկ գազի դեֆիցիտ է, որտեղ էլ կա՝ գինն է շատ ավելի բարձր, ընդամենը մի քանի օրում վառելիքը թանկացել է առնվազն 50-ից 70 դրամով:
Ավելի քան 30 տոկոսանոց թանկացումը վարորդների գրպաններին է հարվածում, 50 լիտրանոց բալոնը լիցքավորելու համար հիմա առնվազն 3500 դրամ ավելին է պետք վճարել, քան շաբաթներ առաջ: Իսկ վարորդները հեղուկ գազի անցնում են գումար խնայելու համար, այն բենզինի համեմատ ավելի մատչելի է առայժմ:
Մի քանի օր լռելուց հետո կառավարությունը միայն այսօր արձագանքեց հազարավոր վարորդների հարցադրմանը, թե ինչու է թանկ հեղուկ գազը: Գործադիրից վստահեցնում են՝ շուկան մշտադիտարկման տակ է, ու պետական կառույցները հետևում են իրավիճակին անհիմն գնաճն ու հնարավոր սպեկուլյատիվ դրսևորումները բացառելու համար: Մինչդեռ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որն էլ պետք է հետևի խաղի կանոններին, մշտապես պնդում է, որ այստեղ հիմնականում անելիք չունի, քանի որ շուկան մրցակցային է համարում, ավելի քան 180 ընկերություններ են հեղուկ գազ ներկրում Հայաստան:
Էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանում են՝ Լարսի անցակետում առաջացած կուտակումների պատճառով որոշ բեռնատարների մուտքը Հայաստան ուշացել է, ինչն էլ ազդել է մատակարարումների վրա:
Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային անցակետում դարձյալ խցանումներ են, եղանակային պայմանների պատճառով Վերին Լարսի ճանապարհը մի քանի օր առաջ փակել էին: Օրերս վրացական կողմը տեղեկացրեց՝ ճանապարհն անցանելի է, սակայն միջպետական ճանապարհի տարբեր հատվածներում ծանր բեռնատարների համար երթևեկության ավելի խիստ կանոններ են սահմանել: Եթե կառավարությունը լռությունից հետո որոշ բեռնատարների ուշացման մասին է հայտնում, հեղուկ գազ ներկրող ընկերություններից մեկի ղեկավարն «Ազատությանը» պատմել է՝ հարյուրավոր բեռնատարներ են ճանապարհին մնացել:
Էկոնոմիկայի նախարարությունն այսօր տարածած գրությամբ քաղաքացիներին հորդորում է խուճապային գնումներ չանել ու հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը: Անհասկանալի է, թե որ պաշտոնական տեղեկություններին է հորդորում հետևել կառավարությունը, եթե միայն այսօր են հայտարարություն տարածել՝ թանկացումների ալիքից գրեթե մեկ շաբաթ անց:
Թե երբ իրավիճակը կկարգավորվի, գործադիրի տարածած գրությունից պարզ չէ, միայն տեղեկացնում են, որ աշխատում են այդ ուղղությամբ: Ոլորտի ներկայացուցիչները տեսախցիկի հետևում պատմում են՝ շուկան կվերականգվի, երբ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարները տեղ հասնեն:
Պատմությունը պարբերաբար է կրկնվում՝ ռուս-վրացական սահմանին ճանապարհն անանցանելի է դառնում, ու հաշված օրերի ընթացքում Հայաստանում վառելիքը կտրուկ թանկանում է: Հեղուկ գազ դժվար էր գտնել նաև այս տարեսկզբին, հենց այդ ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրեց, թե Ադրբեջանի տարածքով երկաթուղով հեղուկ գազ փոխադրելու համաձայնություն կա: Երեք ամիս անցավ՝ հեղուկ գազ բերող ոչ մի վագոն Հայաստան չմտավ:
Այդուհանդերձ, այս պատկերը չէր լինի, եթե Հայաստանում հեղուկ գազի պահեստավորման բավարար ենթակառուցվածքներ գործեին, որ երկրում գոնե նվազագույն պաշար լիներ: Ի դեպ, հենց այն լցակայանը, որտեղ այսօր վառելիք կար, արդեն տարիներ շարունակ հեղուկ գազ է պահեստավորում՝ դեֆիցիտ չունենալու համար: