Մատչելիության հղումներ

Հնարավոր է՝ փաստաբաններին արգելվի գնահատել դատավորների աշխատանքը

Հայաստանում հնարավոր է՝ օրենքով արգելվեն դատավորների վարկանիշավորմամբ զբաղվող մասնավոր հարթակները։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է Արդարադատության նախարարություն՝ առաջարկելով օրենքով արգելել այդպիսի հարթակներից մեկի՝ «Հելփ Քորթ»-ի գործունեությունը:

Կոմիտեի ղեկավարը ենթադրում է, որ փաստաբանների դրական կամ բացասական գնահատականները կարող են ստեղծել դատավորների նկատմամբ ոչ ֆորմալ ճնշման, պիտակավորման և կախվածության վտանգավոր միջավայր. «Այս կառուցակարգը, մեր գնահատմամբ, սկզբունքորեն արատավոր է և չի կարող դիտարկվել՝ որպես դատական համակարգի նկատմամբ առողջ հանրային կամ մասնագիտական վերահսկողության գործիք»:

Երեք էջանոց գրությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը փորձել է հիմնավորել, թե ինչու պետք է փաստաբանները զրկվեն մասնավոր այս հարթակի միջոցով դատավորների աշխատանքը գնահատելու հնարավորությունից, և Հայաստանում առհասարակ արգելվի նմանատիպ կայքերի գործունեությունը:

«Հելփ Քորթ»-ի հիմնադիր Լևոն Սահակյանը, սակայն, համաձայն չէ կառույցի ղեկավարի պնդումների հետ։ Նա վստահեցնում է՝ շուրջ տասը տարի գործող հարթակի նպատակը բոլորովին այլ է:

«Հելփ Քորթ»-ն ընդամենը հարթակ է, որտեղ փաստաբանները արտահայտում են իրենց կարծիքը: Փաստաբաններն իրենց կարծիքն արտահայտում են ֆեյսբուքյան էջերում, տարբեր հարթակներում, այդ թվում նաև «Հելփ Քորթ»-ում: «Հելփ Քորթ»-ն ընդամենը հանրությանն ամփոփ կերպով ներկայացնում է փաստաբանների կարծիքը, որը որևէ կերպ չի կարելի որակել որպես դատավորների անկախության նկատմամբ ոտնձգություն կամ ապօրինի ճնշում», - ասաց Սահակյանը:

Թե ինչո՞ւ է Հակակոռուպցիոն կոմիտեն, որի բուն գործառույթը կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն է, որոշել զբաղվել դատական համակարգի հարցերով, պաշտոնական գրության մեջ նշված չէ: Մեր հարցմանը կառույցից խոստացան արձագանքել, բայց մինչև աշխատանքային օրվա ավարտն այդպես էլ չպատասխանեցին:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ով ոչ հաճախ, բայց օգտվում է այս հարթակից և գնահատում դատավորների աշխատանքը, այս գաղափարը ցանկացած հիմնավորման դեպքում անընդունելի է համարում:

«Խնդիրն այստեղ գաղափարական է, խնդիրը Սահմանադրության, ընդհանրապես ժամանակակից պետություն-մարդ հարաբերությունների ամենաֆունդամենտալ հարցն է, ազատության հարցն է: Պետությունը չպետք է միջամտի այն դեպքերին, երբ բացարձակ չարիքի մասին չէ խոսքը: Բացասական դեպքերի հետ մեկտեղ, այս համակարգը բազմաթիվ դրսևորումներ ունի, որ դրական են», - ասաց փաստաբանը:

Կոմիտեի նախագահը, մինչդեռ, նշել է՝ հարթակի գործունեությունը չի կարող դիտարկվել միայն որպես մասնավոր նախաձեռնություն կամ կարծիք արտահայտելու միջոց, քանի որ դատավորներին հրապարակայնորեն գնահատելը կարող է վերածվել դատական իշխանության նկատմամբ ազդեցության ոչ պաշտոնական մեխանիզմի։ Նախաքննական մարմնի ղեկավարն անհանգստացած է նաև, որ փաստաբանները կարող են դրական գնահատել այն դատավորներին, որոնք իրենց շահերից բխող որոշումներ են կայացնում։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն, սակայն, այս ամենի հետևում բոլորովին այլ խնդիր է տեսնում. «Ինչի՞ են ասում, որ անկախության առումով ռիսկ կարող է լինել, որովհետև ենթադրում եմ, մտածում են՝ դատավորները կասեն՝ ես հօգուտ փաստաբանների որոշում կայացնեմ, որ իմ վարկանիշն ավելի բարձր լինի: Բայց եթե այդպես է դատավորը մտածում, ուրեմն չպետք է դատավոր դառնար»:

Կայքի վերջին տվյալներով՝ ամենաբարձր վարկանիշն ունի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը, իսկ ամենացածրը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը։ Հովհաննիսյանն այն դատավորն է, ով արդարացրել էր վարչապետի ուղղությամբ խնձոր նետած քաղաքացուն։ Մինչդեռ Սեդա Սաֆարյանը հանրային քննադատության թիրախում հայտնվեց հատկապես ընտրությունների արդյունքների բողոքարկման դատական լսումների օրերին: Հարթակի հիմնադիրը չբացառեց՝ գուցե հենց դատավորներն են դժգոհել հարթակից:

Դատական համակարգից չի դադարում բողոքել կառավարության ղեկավարը: Ութ տարի երկիրը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը դատավորներին ուղղված մեղադրանքները սրեց նախընտրական ու հետընտրական փուլում: Փաստաբան Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ դատավորների հեղինակությանը ոչ թե նման հարթակներն են վնաս հասցնում, այլ վարչապետ Փաշինյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեի գրության վերաբերյալ Արդարադատության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ կիրականացնեն հարցի իրավական հիմքերի ուսումնասիրություն, որի արդյունքների հիման վրա կքննարկվեն հետագա անելիքները։









Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG