Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Զինապահ հիմնադրամը 44-օրյա պատերազմում զոհված զինվորների տարբեր թվեր են հայտնում

Քանի՞ զինծառայող է զոհվել 44-օրյա պատերազմի ընթացքում։ Վեց տարի շարունակ տարբեր թվեր չարչրկվեցին։

«44-օրյա պատերազմում զոհվել է 3755 զինծառայող։ Սա պաշտոնական արձանագրված թիվ է», - սա նախընտրական մեծ բանավեճի ժամանակ էր, Փաշինյանն այստեղ ի պատասխան ընդդիմադիրների մեղադրանքի, թե ինքը 5000 մարդու մահվան պատճառ է, թվեր հնչեցրեց։

Միայն 44-օրյայում զոհված զինծառայողների 3755 թիվը պիտի որ համընկնի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից՝ Զինապահից հատուցում ստացածների թվին։

«Ուրեմն 44-օրյա պատերազմի հետ ասում ենք, նկատի ունենք սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում 3576 զոհվածներ», - ներկայացրեց Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի տնօրեն Կարինե Սարգսյանը:

Տարբերությունը 179-ն է։ Արդյոք այսքան զոհերի ընտանիքներ հատուցում չե՞ն ստացել։ Զինապահի գործադիր տնօրենը բացառում է, եթե նույնիսկ որոշ ընտանիքների դեպքում փաստաթղթային խնդիրներ են եղել, իրենք աջակցել են, որ հարցն արագ լուծվի ու զոհ ունեցող ընտանիքը չզրկվի աջակցությունից. «Մենք գործ ունենք մի խաղի հետ, որը ամենախոցելին է համարվում։ Նման դեպքեր չկան»։

Կարինե Սարգսյանը ենթադրում է՝ գուցե վարչապետի ու նաև Քննչական կոմիտեի հրապարակած 3755-ի մեջ նաև քաղաքացիական անձինք են ներառված, որ զոհվել են 44-օրյայում։ Նրանք Զինապահի շահառու չեն։

«Եթե մարդը գիտի, որ գումար է դրա համար ստանալու, այնուամենայնիվ կդիմեր և կստանար։ Այդ բոլոր թվերը շահարկումներ են։ Կարող է այդ թվերի մեջ քաղանձինք են, մենք դրանց մասին լիազորված չենք որևէ պարզաբանում տալու», - ասաց Սարգսյանը։

Ոչ, Փաշինյանը միայն զոհված զինծառայողների մասին էր խոսում։ Ինչո՞ւ է հերթական անգամ խառնաշփոթ ստեղծվում պատերազմական զոհերի տվյալների շուրջ։ Տարիներ շարունակ, երբ ընդդիմադիրները ու այդ ժամանակ նրանց թվում 44-օրյա պատերազմում զոհված դիպուկահար Աբգար Նազարյանի հայրը, պատգամավոր Գեղամ Նազարյանը պնդում էին՝ 44-օրյայի զոհերի տվյալները պիտի հրապարակ անուն-ազգանուններով մեկ միասնական հարթակում, Փաշինյանն այդ ժամանակ պնդում էր՝ այդ տվյալները հենց Զինապահի հարթակում են, ոչինչ չեն թաքցնում։

«Ճիշտ է, զոհվածների, մեր նահատակների անունները ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել, դա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, և անունները հրապարակվում են այնտեղ։ 44-օրյա պատերազմի զոհերի ամբողջական անունները նույնպես հրապարակվել են այնտեղ», - հայտարարել է Փաշինյանը։

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից հեռացած Գեղամ Նազարյանը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ պնդում էր՝ ընդդիմադիր ուժերից մեկը խոստանում է ընտրություններում հաղթելու դեպքում հրապարակել զոհերի անունները՝ մոռանալով, որ դրանք արդեն հրապարակված են։

«Այնտեղ չի կարող լինել ո՛չ ավելացված, ո՛չ պակասացված անուն։ Այնպես որ նրանք, ովքեր ցանկանում են ծանոթանալ մեր հերոսների անցած ուղուն, իմանալ նրանց անունները, եթե գուցե ինչ-որ մեկը թիվ է ուզում ճշտել, կարող եք մտնել Զինապահ հիմնադրամ, «Հիշում ենք» բաժին և հանգիստ ծանոթանալ մեր հերոսներին», - ասաց նա։

Նազարյանն ընդդիմադիրներին հորդորում էր չշահարկել զոհերին։ Զինապահի պաշտոնական կայքում հատուցվողներից առանձին «Հիշում ենք» խորագրի ներքո լուսանկարներով ու կարճ տեղեկատվությամբ ներկայացված են 44-օրյայի զոհերը։ Սա Նազարյանի առաջարկով է ստեղծվել, բայց ամբողջական, բոլորին ներառող ցանկ չէ սա, ինչպես պատգամավորն է պնդում։ Միայն այն, որ այստեղ ներառված չեն, օրինակ, մանկատան սաները, որ զոհվել են պատերազմում, բայց ընտանիքներ չունեն, որոնց կարող էր հատուցել հիմնադրամը արդեն իսկ վկայում է՝ ամբողջական չէ այս ցանկը։ Այժմ էլ վարչապետի հրապարակած թվի ու Զինապահի հատուցածների թվի տարբերությունը՝ 179 զոհ։

Գեղամ Նազարյանին հարցրինք՝ դեռ ամբողջակա՞ն է համարում այս հարթակը. «Ես կփորձեմ մեկ անգամ ևս ճշտել, բայց ենթադրաբար այստեղ այն է, որ այդ 3700-ի մեջ մտած է նաև այն անհետ կորածները, որոնք զոհված են, բայց հարազատները ինչ-ինչ պատճառներով չեն ընդունում նրանց զոհված լինելու փաստը»։

Նույնականացված, բայց այդպես էլ անթաղ մնացած շուրջ 80 մարմին կա։ Այս զինվորների հարազատներն իրենց զավակին, եղբորը, ամուսնուն զոհված չեն համարում, սպասում են։ Բայց սա էլ ոչ մի կերպ չի հիմնավորում 44-օրյայի զոհերի թվի տարբերությունը, որը կրկնակիից մեծ է։ Իրավապաշտպաններն ի սկզբանե էին պնդում Զինապահի հարթակը, որտեղ միայն հատուցվողներն են, չի կարող դառնալ զոհերի ամբողջական ցանկ, և քանի դեռ չկա դա, զոհվածների թվի վերաբերյալ շահարկումները կանգ չեն առնելու։



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG