Մատչելիության հղումներ

«Փաշինյանը կկորցնի իշխանությունը». «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է նոր ընտրությունների, «Հայաստանը» «շանտաժ» է համարում

Խորհրդարանական ընտրություններ Հայաստանում, 7-ը հունիսի, 2026թ.
Խորհրդարանական ընտրություններ Հայաստանում, 7-ը հունիսի, 2026թ.

Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» ևս պահանջում է նոր ընտրություններ, իսկ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցությունը շանտաժ է որակում Փաշինյանի նոր ընտրությունների մասին հայտարարությունը:

Երեկ վարչապետն «Ազատության» հարցին ի պատասխան չէր բացառել արտահերթ ընտրությունները, եթե իշխանությանը չհաջողվի համոզել խորհրդարանական ընդդիմությանը՝ աջակցելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ի պատասխան Փաշինյանի, այսօր իր ֆեյսբուքյան էջում շտապեց գրել՝ պատրաստ են՝ ընտրությունների կոնկրետ օր պահանջելով Փաշինյանից:

Ավելի ուշ արդեն խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց, որ նոր համապետական ընտրությունների անցկացումը ի սկզբանե եղել է Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանի» պահանջը, քանի որ հունիսի 7-ի ընտրություններն, ըստ իրենց, ուղեկցվել են մեծածավալ ընտրախախտումներով:

«Նոր ընտրությունների պահանջը «Ուժեղ Հայաստանը» ձևակերպել է դեռևս հունիսի 7-ից անմիջապես հետո՝ խորհրդարանական ընտրություններից հետո, թե՛ ընտրությունների օրը, թե՛ նախընտրական շրջանում արձանագրվել են մի շարք ընտրախախտումներ, որոնք էլ իրենց տեղը գտել են նաև ԵԽԽՎ զեկույցում», - ասաց Աբրահամյանը:

Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, թեև չբացառեց, որ Փաշինյանը նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար կգնա նոր ընտրությունների, բայց կարծում է, որ վարչապետի երեկվա հայտարարությունը ոչ այնքան արտահերթ ընտրությունների սցենարի մասին էր, որքան որ ընդդիմությանը շանտաժի ենթարկելու փորձ:

Այսինքն, նպատակն, ըստ Աննա Գրիգորյանի, այն է, որ եթե ընդդիմությունը կողմ չքվեարկի նոր Սահմանադրության նախագծին, ապա ՔՊ-ն կգնա նոր ընտրությունների:

«Ես կարծում եմ՝ իր այդ հայտարարությունը ավելի շատ շանտաժի բնույթ է կրել, շանտաժ ընդդիմության նկատմամբ, բայց ես հստակ արձանագրում եմ, որ «Հայաստան» խմբակցությունը չի տրվելու այդ շանտաժին: Ինքը ի՞նչ է պատկերացրել, որ մանդատը պահելու խաթր մենք կարող է կողմ քվեարկե՞նք ալիևյան սահմանադրությանը, երբեք: Կարծում եմ՝ դա ինչ-որ տեղ նաև մեսիջ էր Ալիևին, որ՝ «նայի հետընտրական փուլում բոլորին կալանավորում եմ, պետք լինի կճնշեմ էլ, կհամոզեմ էլ, եթե պետք լինի, արտահերթ ընտրությունների կգնամ»: Նկատի ունեմ՝ սա նաև մեսիջ էր Ադրբեջանին, որ հնարավորինս ինչքան կարողանա ձգի այս պրոցեսը, որովհետև ակնհայտ է, որ չի կարողանալու դա իրականացնել», - նշեց Գրիգորյանը:

ՔՊ-ում ընտրությունների անցկացման մասին հստակ որոշում չունեն

Իշխող «Քաղաքացիական պայմանագրում», մինչդեռ, նոր համապետական ընտրությունների անցկացման մասին հստակ որոշում չունեն:

Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն «Ազատության» ասաց՝ երբ նոր Սահմանադրության նախագիծը կգա խորհրդարան, տեղի կունենա քվեարկություն և կունենան քվեարկության պատկերը, այդ ժամանակ էլ նոր ընտրությունների մասով որոշում կկայացնեն:

Հարցին, թե արդյոք ՔՊ-ին կհաջողվի՞ ավելի շատ ձայն ստանալ, քան հունիսի 7-ի ընտրություններում, Ազգային ժողովի փոխնախագահն այդպես էլ ուղիղ պատասխան չտվեց, ասելով, թե այդ հարցը որոշելու է ժողովուրդը: Ամեն դեպքում, ՔՊ փոխնախագահը վստահ է՝ եթե ընտրակաշառք չլիներ, ապա իրենք այսօր կունենային սահմանադրական մեծամասնություն:

Ի դեպ, «Ուժեղ Հայաստանում» վստահ են, որ եթե նոր ընտրություններ լինեն, ապա Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ն շատ ավելի քիչ ձայն է հավաքելու և անգամ զրկվելու է իշխանությունից:

Խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշում է, որ 2019-ից սկսած Նիկոլ Փաշինյանի ուժը շատ ավելի քիչ ձայն է ստացել, փոխարենը տարեցտարի ավելացել են ընդդիմության ձայները: Եվ սա հիմք է տալիս ընդդիմության ամենամեծ խորհրդարանական ուժին վստահ պնդել, որ Փաշինյանը մեծ ռիսկի կգնա, եթե որոշի նոր համապետական ընտրություններ անցկացնել. «Եթե նախորդ ընտրություններում չի հավաքել մեծամասնություն, ապա այս անգամ կկորցնի իշխանությունը»:

Ի տարբերություն «Ուժեղ Հայաստանի»՝ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքում կարծում են՝ այս փուլում ակնհայտորեն ընդդիմության դիրքերը թուլացած են, հաշվի առնելով ընդդիմադիր առաջնորդների ձերբակալությունները, բազմաթիվ քրեական հետապնդումներն ու վախի մթնոլորտը:

«Պետք է ազնիվ, անկեղծ լինել այստեղ ասելու, որ՝ այո, հետընտրական փուլում ընդդիմությունը բավականին թուլացել է հաշվի առնելով հիմնական նպատակի չիրականացումը, գոնե այս փուլում, նաև ընդդիմադիր լիդրեների կալանավորումը, սա որպես փաստ պետք է արձանագրել: Բայց այնպես չէ, որ ընդդիմությունը ձեռքերը ծալած պետք է նստի, այստեղ ինչքան էլ իրողությունը որպես փաստ արձանագրում եմ, բայց պետք է պատրաստ լինեն հնարավոր բոլոր սցենարներին», - ասաց Աննա Գրիգորյանը:

ԱԺ ընդդիմությունը պնդում է՝ իրենց պատգամավորներից ոչ ոք կողմ չի քվեարկի

Մի հարցում խորհրդարանական 2 ուժերն էլ համակարծիք են և պնդում են, որ Փաշինյանին առաջիկայում չի հաջողվի համոզել իրենց պատգամավորներից որևէ մեկին կողմ քվեարկել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը:

Այսօր էլ միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին բացառեց դա՝ վստահեցնելով, որ իրենց կողմնակիցներին վախեցնելով, ձերբակալելով Փաշինյանը որևէ արդյունքի չի հասնելու:

«Իրենք փորձելու են ինչ-որ քայլեր ձեռնարկել, շատ մարդկանց փորձել կալանավորել, մեկուսացնել ու գնալ համոզելու պրոցեսին, այդպես չենք համոզվելու, հաստատ», - նշեց Կարապետյանը:

Արձագանքելով Փաշինյանի այն հայտարարությանը, թե փորձելու են համոզել խորհրդարանական ընդդիմությանը, Աննա Գրիգորյանը հիշեցնում է, որ վարչապետ Փաշինյանը պետք է կարողանար համոզել հայ ժողովրդին դեռևս հունիսի 7-ին կայացած ընտրություններում և ստանար սահմանադրական մեծամասնություն, ինչն էլ հնարավորության կտար իրեն փոխել Սահմանադրությունը: Բայց Փաշինյանին չի հաջողվել համոզել ժողովրդին: Հետևաբար, ըստ ընդդիմադիր ուժի, այս խորհրդարանը որևէ լիազորություն չունի այդ հարցը քննարկել:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG