Մատչելիության հղումներ

Ուսուցիչներն ու աշակերտները խոսում են քիմիայի միասնական քննության «աննախադեպ բարդ» թեստերից, ԳԹԿ-ն հերքում է

Քիմիայի միասնական քննությունից հետո որոշ դիմորդներ և ուսուցիչներ բողոքում են՝ հունիսյան թեստերը տարբերվել են թե՛ նախորդ տարվա ու թե՛ այս հունվար ամսվա քննական թեստերից:

17-ամյա Ալան քիմիայի միասնական քննության առաջին 10 րոպեն է հիշում, հետո ուշաթափվել է: Վեց օր առաջ առանց մեծ տագնապների քննասենյակ է մտել, որովհետև տարիներով պարապել է երազանքի բուհ՝ Բժշկական ընդունվելու համար, թեստի երկու հարցերից հետո է վատացել։

«Կարդացի, սկզբի արդեն երկու հարցը, նորմալ սկսեցի գրել, ինքնազգացողությունս վատացավ, հետո, որ սկսեցի թերթել, որպեսզի ծանոթանամ ընդհանուր թեստի հետ, հասկանում եմ, որ այն սովորական վարժությունները չեն, որ ինձ հանդիպում է էլի թեստերի մեջ», - պատմեց նա։

Ալան միակը չէ. Հանրապետությունով մեկ այդ օրը քիմիայի քննության ժամանակ դիմորդները գիտակցություն են կորցրել, բարձր ճնշումով հայտնվել բուժկետերում, քննական կենտրոնների մոտ շտապօգնության մեքենաներ էին, պատմում են քիմիայի ուսուցիչները և շուրջ 80 մանկավարժներով դիմել են վարչապետին, կրթության նախարարին, օմբուդսմենին, գնահատման թեստավորման կենտրոն (ԳԹԿ)։

Արմավիրի ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Կարինե Գևորգյան-Սահարյանի խոսքով՝ քիմիայի հունիսյան թեստերը տարբերվել են թե՛ նախորդ տարվա ու թե՛ այս հունվար ամսվա քննական թեստերից։ Դրանք, ըստ նրա, աննախադեպ բարդ են եղել. «Հարցերը ձևակերպված են շրջված շարադասությամբ, բարդ, անհասկանալի ձևակերպումներով, որի հետևանքով դիմորդը կարդում է և չի հասկանում, թե ինչ են ուզում իրենից»։

Առարկան առանց այդ էլ բարդ է, մի՞թե գիտելիք ստուգելու համար պետք էր հարցերը խճճել այնպես, որ դիմորդները դրանցից ոչինչ չհասկանան ու թեստը տապալելու մտքից գիտակցություն կորցնեն, տարակուսում է մանկավարժը։

«Մենակ կարդալու համար երեխային պետք է երկու րոպեից ավելի». այն ինչ, այդ հարցը դիմորդը պիտի ոչ միայն կարդա, այլև լուծի երկուսից երեք րոպեում։ Ընդամենը 180 րոպե է տրված թեստի շուրջ 70 հարցերի համար։ Դիմորդներն, ըստ մանկավարժի, մինչև հարցն ըմբռնել են, պատասխանի ոչ ժամանակ է մնացել, ոչ էլ ուշ։

Երևանի 168-րդ դպրոցի քիմիայի ուսուցչուհին ժամ է պահել ու փորձել լուծել թեստը։ Այնինչ, ասում է, թեստի Ա մակարդակը պիտի ավելի պարզ լիներ, բայց այստեղ էլ Բ մակարդակի պես ծավալուն ու բազմաքայլ հաշվարկներ պահանջող հարցեր էին։

Ուսուցիչները նշում են՝ ոչ թե դպրոցական ծրագրից շեղված թեմաներ են եղել, այլ բարդ, խճճված ու շտեմարանային թեստերի ձևաչափից տարբերվող, անծանոթ ու անսպասելի թեստեր։

Մի առանձին նամակ էլ դիմորդների ծնողներն են գրել։ Գյումրեցի Դավիթ Մարտիրոսյանի դուստրը նույնպես չի հաղթահարել քիմիայի թեստը։ Հիմա ծնողներով ուզում են հասնել նրան, որ վերահանձնելու հնարավորություն ստեղծվի, միայն թե ասում են՝ հունվարի թեստերին համարժեք բարդությամբ։

Գնահատման ու թեստավորման կենտրոնում համաձայն չեն, քիմիա առարկայի թեստաբան համակարգող Գյուլնարա Փալիկյանը պնդում է՝ թեստերն արտառոց բարդություն չեն ունեցել, հունվարի թեստի պես են եղել, վկայակոչում է այն, որ միջին գնահատականը երկու փուլերում էլ նույնն է եղել։

Շտեմարանային ձևակերպումներից շեղում եղել է, համաձայն է թեստաբանը ու դա համարում է ճիշտ. »Սպասում էին, որ պետք է ճիշտ շտեմարանից արտագրված առաջադրանքներ լինեն, բայց շտեմարանային առաջադրանք վրա ստեղծված նոր առաջադրանքները»։

Ուսուցիչները պնդում են, որ միայն հարցերն ընկալելն արդեն իսկ խլել է դրանք լուծելու համար սահմանված երեք ժամը։ Թեստաբան Փալիկյանն առարկում է թվերով՝ հունիսի 26-ին քիմիայի քննություն է հանձնել 1098 դիմորդ։ Նրանցից 70-ը ստացել են 18-ից 20 միավոր։ Ենթադրվում է՝ հասկացել ու պատասխանել են։ Ի դեպ 39 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը։ Իսկ ինչո՞ւ են դիմորդները վատացել, ԳԹԿ ներկայացուցիչն ասում է՝ թեստի հետ կապ չունի. «Երեխաները երևի հուզվել են»:

Քիմիայի թեստաբանը հորդորում է դիմորդներին ու նրանց ուսուցիչներին քիմիայի տեսությունը լավ սերտել դասագրքերով, իսկ քիմիայի ավարտական դասարանների դասագրքերը դեռ չկան։

Ուսուցիչներից Կարինե Գևորգյան-Սահարյանն արժանահավատ չի համարում թվերը, որ ըստ ԳԹԿ-ի վկայում են, թե հունվարի ու հունիսի պատկերը նույնն է եղել, թեստերը չեն բարդացվել։ Նրա աշակերտներից մեկը կենսաբանությունից 17,5 միավոր է ստացել, իսկ քիմիայի թեստը ընդհանրապես չի հաղթահարել, այն ինչ, ըստ ուսուցչի, քիմիայից թույլ գիտելիք ունեցողը կենսաբանությունից այդքան միավոր չէր հավաքի։

Վերաքննության հույս ԳԹԿ-ի արձագանքից հասկացանք՝ չկա։ Հուլիսին քննական երրորդ փուլն է, որին կարող են մասնակցել միայն առողջական խնդիրներով քննությունը ընդհատած դիմորդները։



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG