Ուկրաինայից առնվազն վեց ամիս կպահանջվի ռուսական հարվածներից վնասված էլեկտրաէներգիայի ենթակայանների մեծ մասը վերականգնելու համար, իսկ մեծ, բարձր հզորության կայանների վերանորոգումը կարող է մինչև մեկ տարի տևել, ասվում է Պենտագոնի, ԱՄՆ Պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համատեղ զեկույցում, որը ներկայացվել է Կոնգրես:
Զեկույցը ներառում է 2026-ի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածը: Հեղինակները նշում են, որ վերականգնման ժամկետները կախված կլինեն էներգետիկ ենթակառուցվածքների հետագա հնարավոր վնասներից և սարքավորումների ծավալից, որ Ուկրաինային մատակարարում են գործընկեր երկրները: Փաստաթղթում չի նշվում, թե որ օբյեկտների մասին է խոսքը:
Զեկույցի հեղինակների տվյալներով՝ Պետդեպարտամենտը Ուկրաինայի համար 12 էներգետիկ ծրագիր է իրականացրել, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1 միլիարդ դոլար։ Հունիսի դրությամբ գործում էր ամերիկյան 115 ոչ ռազմական բնույթի օգնության ծրագիր։ Պետդեպարտամենտի ծրագրերի ավելի քան 65 տոկոսը՝ մոտ 3.5 միլիարդ դոլար արժողությամբ, վերաբերում են մարդասիրական օգնությանը և էներգետիկ աջակցությանը։
2022-ի աշնանից ի վեր Ռուսաստանը համակարգված կերպով թիրախավորում է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները։ Մոսկվան պնդում է, որ հարձակվում է Ուկրաինայի զինվորականների կողմից օգտագործվող օբյեկտների վրա։ Ռուսական հարվածները բազմիցս վնասել են էլեկտրակայաններ և ենթակայաններ, նաև Ուկրաինայի քաղաքներում էլեկտրաէներգիայի վթարային անջատումների պատճառ են դարձել:
Ուրբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան հարցեր է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտ՝ կապված ամերիկյան հետախուզական տվյալներն Ուկրաինային փոխանցելու և Ռուսաստանի տարածքում ուկրաինական հարվածների նախապատրաստմանը Վաշինգտոնի ենթադրյալ ներգրավվածության հետ։ Լավրովի խոսքով՝ Մոսկվան «կսպասի պատասխանի»։
Ռուսաստանի իշխանությունները պահանջում են, որ արևմտյան երկրները դադարեցնեն Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Միացյալ Նահանգները և Կիևի մյուս դաշնակիցները պնդում են, որ աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային՝ ռուսական ներխուժումից պաշտպանվելու համար։